211652_close_icon
views-count2185 դիտում article-date 19:48 27-11-2019

«Փյունիկի», «Արարատի» և «Շիրակի» հայտարարությունը՝ ՀՖՖ առաջիկա ընտրությունների վերաբերյալ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող երեք ակումբներ` «Փյունիկը», «Արարատը» և «Շիրակը» ՀՖՖ առաջիկա ընտրությունների հետ կապված հանդես են եկել միասնական հայտարարությամբ։ «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։ Հայկական ֆուտբոլի համար այս վճռորոշ իրադարձությունից առաջ, մենք՝ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները, հանդես ենք գալիս հետևյալ միասնական հայտարարությամբ։ Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։ Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում։ Հետևաբար, խիստ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։ Մենք հավատում ենք, որ այժմ բոլորիս ընձեռնվել է բացառիկ հնարավորություն ձևավորել իրապես անկախ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց, որը կգործի ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի, և մենք իրավունք չունենք այդ հնարավորությունը բաց թողնել: Հորդորում ենք այլ ֆուտբոլային ակումբներին, ֆուտբոլային հանրության այլ ներկայացուցիչներին միանալ մեր կոչին»,- ասված է «Փյունիկի» մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների նոր ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Մինչև արտահերթ ընտրությունները ֆեդերացիայի աշխատանքները կղեկավարի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։

Նմանատիպ նյութեր