211652_close_icon
views-count2727 դիտում article-date 22:12 22-11-2019

Պաշտոնապես բացվել է Չարենցավանի քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Չարենցավան համայնքում ներկա է գտնվել քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Չարենցավանում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը, մարզի բուժ.կենտրոնների ղեկավարներ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, վարչական ղեկավարներ, հյուրեր: Ընդգծելով մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի մասնաշենքի հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ որպես կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող գործոն, մարզպետը ևս մեկ անգամ հարկ է համարել նշել, որ աշխատանքային պայմանների բարելավմամբ աշխատանքի որակի, արդյունավետության նոր նշաձող է սահմանվելու.  «1.5 տարի առաջ նախարարի հետ մեր շրջայցի ընթացքում այստեղ ականատես եղանք մի վիճակի, որն ուղղակի անթույլատրելի էր: Ոչ միայն քաղաքացիներին, ազգաբնակչությանը սպասարկելու տեսանկյունից էր անընդունելի այդ վիճակը, այլ նաև հենց մարզային ենթակայության այս ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների համար: Պետական հաստատություններ մուտք գործելիս քաղաքացին նախ և առաջ պատկերացում է կազմում պետության, պետական կառավարման մասին հենց այդ հաստատության վիճակից»,- ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել, կատարված աշխատանքների ծավալներին, բժշկական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել առկա խնդիրները: Հիշեցնենք, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված մասնաշենքը կապիտալ հիմնանորոգվել է (հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբին)։ Եռահարկ մասնաշենքի հիմնանորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարման աշխատանքները՝ շերտավարագույրներից մինչև սանհանգույցներ, իրականացվել են բացառապես մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի 2018-2019 թթ. բյուջեի խնայողությունների հաշվին: Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնի առանձին հատվածում տեղակայված է լինելու մանկական պոլիկլինիկ բաժանմունքը, ընտանեկան բժիշկները, որոնց թվում թերապևտներ և ամբուլատոր հատվածի նեղ մասնագիտական կաբինետները։ Պոլիկլինիկայի բացումով Չարենցավանի ԲԿ-ն արդեն մեկ կենտրոնացված վայրում ավելի արդյունավետ կիրականացնի քաղաքացիների ընդունելությունն ու բուժսպասարկումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր