211652_close_icon
views-count2031 դիտում article-date 17:08 16-11-2019

Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի. նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին պատճառված վնասներով և հնարավոր աջակցության տարբերակներով: Վանահայրը Հայաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Մայրավանքի շենքն ու շրջակայքը, ինչպես նաև կղզու մոտ կառանած «Արմենիա» առագաստանավը զգալի վնասներ են կրել: Բարեբախտաբար, վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանն անվնաս են մնացել: Արդեն իսկ սեփական ուժերով ձեռնամուխ են եղել որոշակի աշխատանքների իրականացմանը: Իր զորակցությունը հայտնելով Մայրավանքի վանահորը և միաբանակից հայրերին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ այսօր պահպանվում են Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյանների ժառանգությունը, նախագահը նշել է, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի և միասնականորեն պետք է նեցուկ լինենք մեր հոգևոր հարստության ու պատմամշակութային ժառանգության պահպանության գործին: Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ Հանրապետության նախագահի մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը:

Նմանատիպ նյութեր