211652_close_icon
views-count1851 դիտում article-date 10:25 09-11-2019

Հրշեջ-փրկարարը պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով. շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով

ՀՀ կառավարության որոշմամբ եռամսյակային պարգեւավճարից զատ՝ հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով: Մեր աշխատակիցների հետ զրուցել ենք՝ ինչ է փոխվել նրանց կյանքում, ինչ նպատակներ եւ ակնկալիքներ ունեն։ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Վասպուրակ Դանիելյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժնի շրջանավարտ է, երեք տարվա ծառայող։ Վերջերս է մանկավարժի հետ ընտանիք կազմել։ Ամուսնացել են առանց հարսանիքի, փոխարենը սոցիալական փաթեթի հաշվին հանգստի են մեկնելու։ Տղայի ծնողներն ամեն կերպ օգնում են նորապսակներին։ Առջեւում ձմեռ է, իսկ Արթիկում ցուրտը չի նահանջում մինչեւ մայիս։ Տունը ջեռուցել է պետք։ Աշխատանքային դժվարությունների մասին տանը երբեք չի խոսում։ Ասում է՝ կանայք նրբազգաց են, նրանց պետք չէ մտքերով ծանրաբեռնել, որպեսզի երեխաներն առողջ միջավայրում մեծանան։ Նորաստեղծ ընտանիքը որոշել է՝ մի քանի ժառանգ է ունենալու։ Նոյեմբերյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ ավագ սերժանտ Մխիթար Ոսկանյանը սահմանամերձ Բերդավան գյուղում է ապրում։ Տեսնելով հրշեջի աշխատանքն ու սիրելով զինվորական համազգեստը՝ նախկին պայմանագրային ծառայողը 2014 թվականից ջոկատ է ընդունվել։ Սիրում է իր աշխատանքը, ստանձնում ցանկացած հանձնարարություն։ «Մեր տարածաշրջանում բարձրադիր գոտիները շատ են։ Ահազանգ տվողները երբեմն զարմանում են՝ ինչպես ենք ճանապարհ գտնում նման վտանգավոր տարածքներում։ Հատկապես անտառներում զգոնությունդ ավելի է սրվում․որպես վարորդ՝ հասկանում ես՝ մի սխալը կարող է ամբողջ խմբին փորձանքի բերել։ Բարեբախտաբար տավուշցիները թասիբով են, գրեթե միշտ պատրաստ մեզ հետ հավասար հրդեհ մարելու»,- նշում է 36-ամյա Մխիթարը եւ հավելում՝ այս տարվա մեծաթիվ հրդեհների պատճառով տանը հաշված ժամեր է անցկացրել։ Սահմանամերձ Բերդավանում առավոտները հաճախ հակառակորդի կրակոցների ձայնով են սկսվում, բայց դա չի խանգարում գյուղացուն իր վար ու ցանքն անել, ծառեր մշակել, վայելել առօրյա փոքր ուրախությունները։ Աշխատանքից ազատ օրերին հրշեջ-փրկարարն անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ է զբաղվում, ծանոթ-անծանոթին հրավիրում իր այգու միրգն ու արքայանարնջի չիրը համտեսելու։ Այսօր արդեն բարձր աշխատատավարձով առաջնահերթ անասնակերի հարցը կլուծի, իսկ առաջին գնումը նոր կոշիկներն էին 1,8- ամյա դստեր համար: Վանաձորի թիվ 2 ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ Արթուր Ավետիսյանը երեք աղջկա հայր է: Փորձառու հրշեջը ջոկատի առաջին «ուսուցիչն» է․ 19 տարվա ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքն անվերապահորեն փոխանցում է կրտսեր աշխատողներին։ Ասում է՝ կրակի դեմ պայքարող հրշեջի թիկունքում պետք է ընկերոջ օգնական ձեռքը լինի, որը կպաշտպանի նրան վտանգից։ Զավակները հպարտանում են փրկարար հորով։ Ամեն տունդարձին մեկն օգնում է մրոտված կոշիկները հանել, մյուսը՝ արագ թեյ պատրաստում։ Բազմանդամ ընտանիքի ողջ հոգսը 39-ամյա Արթուրի ուսերին է․ կինն աշխատանք չի գտնում, մայրը թոշակառու է։ Փրկարարը, սակայն, լավատեսությամբ է ապագային նայում։ Դպրոցական աղջիկները լավ առաջադիմություն ունեն, նկարչության եւ պարի պարապմունքների են հաճախում։ Համոզված է՝ նրանք կյանքում կգտնեն իրենց տեղը։ Հրազդանի ՀՓՋ հրշեջ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Անտոնյանն ապագա դիվանագետ է, հեռակա ուսուցմամբ սովորում է Երեւանի պետական համալսարանում։ Մեկ տարվա փրկարար ծառայողը նշում է՝ անկախ մասնագիտական ընտրությունից՝ հրշեջ-փրկարարի աշխատանքը շատ բան է սովորեցնում, առաջին հերթին՝ կյանքի հմտություններ, պատասխանատվություն մերձավորներիդ անվտանգության համար։ Աշխատավարձի բարձրացմամբ իրեն ավելի գնահատված է զգում, դադարել է այլընտրանքային զբաղմունք փնտրել։ Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակից Գեւորգն ինքն է հոգում ուսման ծախսերը, լիահույս է, որ շուտով օրենքի ուժ կստանա նաեւ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագիծը։ Այդպես կկարողանա ինչ-որ կերպ թեթեւացնել ընտանիքի ապրուստը։ Հայոց բանակ զորակոչվելուց առաջ երիտասարդը նաեւ սպորտային կարիերա է ունեցել․ ավանդական կարատեդոյի Հայաստանի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր։ Առաջիկա նպատակները շատ են։ Անի ԱՆՏՈՆՅԱՆ Հ․Գ․ Բնապահպանական ցածր գիտակցության եւ տեխնիկապես ծանրաբեռնված այս ժամանակաշրջանում, երբ մարդածին պատահարներից օրական հազարավոր զոհ է լինում, հրշեջների աշխատանքը կենսական անհրաժեշտություն է։ Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2017 թվականին գրանցվել է հրդեհների բարձր ցուցանիշ՝ 1 319 500 դեպք, որից մահացել է 3400 մարդ, վիրավորվել՝ 14 670-ը։ 1990- 2017 թթ․ ԱՄՆ-ում խոտածածկի եւ անտառային հրդեհների պատճառով զոհվել է 485 հրշեջ։ Բոլոր ժամանակներում միակ բարձրագույն արժեքը մարդու կյանքն է, այդ թվում՝ փրկարարի ու հրշեջի։ Հրշեջ-փրկարարը իր կյանքով ռիսկի դիմելով այլոց կյանքն է փրկում: Նա պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով:

Նմանատիպ նյութեր