211652_close_icon
views-count2580 դիտում article-date 17:39 06-11-2019

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում հնչեց Ալեքսեյ Շորի երաժշտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրեց հատվածներ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետից‚ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն» (մենակատար՝ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն Լաֆերիեր)‚ հատվածներ «Մեծ պաշարում» սիմֆոնիկ շարքից‚ «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ դաշնակահար Ինգոլֆ Վունդեր)։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը‚ խոսելով Շորի արվեստի մասին‚ նշեց‚ որ իրեն հիացնում է Շորի վերաբերմունքը երաժշտության նկատմամբ. «Լինելով մաթեմատիկոս և լուրջ գիտնական՝ Ալեքսեյ Շորն իրեն նվիրել է երաժշտությանը։ Այս իրողությունը փառատոնին գեղեցիկ երանգ է հաղորդում»։ Ալեքսեյ Շորը‚ նշելով‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը բացառիկ է իր ձևաչափով‚ առանձնացրեց այն փաստը‚ որ ժամանակակից կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրվում է մեկ առանձին համերգային երեկո՝ այդպիսով ամբողջական ներկայացնելով տվյալ հեղինակի արվեստը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին խոսելով՝ Շորն ընդգծեց‚ որ ուրախ է համագործակցել այս կոլեկտիվի հետ‚ որն ունի շատ հետաքրքիր ու բովանդակությամբ լի պատմություն։ Հիշեցնենք‚ որ նոյեմբերի մեկից ինը Երևանում անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր