1543 դիտում
21:54 30-10-2019
2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ը Տավուշի մարզում հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ. ՀՀ դատախազություն
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը:
Միտումների համեմատական վերլուծությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում աճել է ինչպես ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Միայն 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ, որոնցից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Ընդ որում՝ ամբողջ 2018թ. ընթացքում այս հանցակազմով հարուցվել է թվով 109 քրեական գործ, այսինքն գրեթե նույնքան՝ որքան այս տարվա 9 ամիսներին: Իսկ դատարան ուղարկված գործերը մոտ 24 տոկոսով գերազանցում են ամբողջ 2018թ. արդյունքը (17 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ): Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով արդեն իսկ ավարտվել է 19 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ:
Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճի հիմնական պատճառը ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի ավելացումն է, այլ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացումը: Դրան նպաստել են ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում քրեական քաղաքականության էական խստացումը, ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման, հատումների և փայտանյութի տեղափոխման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հստակեցումն ու կատարելագործումը, ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբուքնների կիրառումը, ինչպես նաև այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների կողմից սկսված և հետևողականորեն իրականացնող համալիր պայքարը:
Մասնավորապես, նշված ժամանակաշրջանում ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո բազմաթիվ՝ թվով 18 քրեական գործեր հարուցվել և քննվել են ապօրինի ծառահատումների և պաշտոնական հանցագործությունների հատկանիշների զուգակցմամբ: Մասնավորապես դրանցից 14-ը հարուցվել է ապօրինի ծառահատման և պաշտոնեական անփութության, 3-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ը՝ կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն թույլ տալու համար, որոնցից 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի մեկ պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալու) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:
Ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, հատկապես կանխարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատարան ուղարկված քրեական գործերով դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Որպես կանոն, գործերի և ամբաստանյալների հետ կապված առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։
Շարունակում են միջոցներ են ձեռնարկվել նաև բնապահպանական հանցագործություններով պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված մոտ 17մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 6.7 մլն ՀՀ դրամ գումարը: Իսկ չվերականգնված գումարի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքի վրա։
Նմանատիպ նյութեր
1979 դիտում
20:46 25-08-2020
26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր