Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Արդեն մի քանի ամիս ուշադիր հետևում եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Շատ մտահոգված եմ մի կողմից կառավարության և խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև ընթացող բաց հակամարտությամբ:
Վերջին իրադարձությունների արագ զարգացումն և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների խաղաղ կարգավորմանը:
Ժողովրդավարությունում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և այդպիսով վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պահպանող կառույց է, այն կոչված է պահպանելու սահմանադրական արժեքները:
Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և պաշտոնյաները պետք է հարգեն իրենց սեփական իրավասությունները, պարտավորությունները և լիազորությունները, ինչպես նաև ճանաչեն և հարգեն մյուս հաստատություններինը:
Նրանք պետք է ցուցաբերեն պատշաճ ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն հետևեն համապատասխան ընթացակարգերին և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:
Եթե սա տեղի չի ունենում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական հաստատությունների գործառույթները խաթարված են և վտանգված է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:
Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը լիցքաթափելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործողությունը վերահաստատելու համար»: