211652_close_icon

Ճշմարտությունն իմացողներն ինչո՞ւ են գլուխները տմբտմբացնում ու «տոն տալիս», վախենո՞ւմ են․ «Առավոտ»

views-count2512 դիտում article-date 10:35 29-10-2019
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս հերթական քաղաքացին (որն այս անգամ տաքսու վարորդ չէր) բողոքում էր ինձ, թե «ինչպես է Հայաստանը փչանում»: Պատմում եմ դրա մասին՝ ցույց տալու համար մեր ժողովրդի մի մասի (գուցե մեծ մասի) «առասպելաբանական» մտածողությունը: Առաջին հեքիաթը, որին հավատում էր իմ զրուցակիցը, հետևյալն էր. «Էս Նիկոլն էլ էկավ, միասեռականներին օրինականացրեց» (վիրավորական բառերն ու որակումները վերաձևակերպում եմ): Հարցնում եմ՝ ինչպե՞ս, ե՞րբ: «Իրա խորհրդարանը օրենք ընդունեց, որ դրանք կարան իրար հետ ամուսնանան»: Ի՞նչ օրենք: «Էն օրը ֆեյսբուքում եմ կարդացել»: Այդ մարդը, հավանաբար, լսել էր Ստամբուլյան կոնվենցիայի մասին տարածվող հեքիաթները, բայց փաստացի նյութին բացարձակապես չէր տիրապետում: Երկրորդ առասպելը Հայաստանին տրամադրվող վարկերի մասին էր: «Տրամաբանական շղթան» հետևյալն է՝ «Եվրոպաներից» վարկերը տալիս են միասեռական ամուսնությունները օրինականացնելու դիմաց, բայց առանձնապես մեծ գումարներ չեն տալիս, որ «էս իշխանությունը էս ժողովրդին պահի»: Իմ զրուցակիցը «ֆեյսբուքով կարդացել է» նաև այն մասին, որ «Նիկոլը գնաց դրանցից փող ուզելու, էնքան խնդրեց, որ վերջը դրանք ջղայնացան ու ասին՝ ձեր նման երկրին մենք չենք ֆինանսավորում»: Հետաքրքիր է, որ զրուցակիցս, կարծես թե, ձգտում էր ստանալ իմ արձագանքը (ցանկալի է, իհարկե, դրական), բայց ես նրան հարցրեցի, թե երբ են տեղի ունեցել վարչապետի և միջազգային կառույցի միջև իր հիշատակած բանակցությունները, նա, ի վերջո, հեգնանքով, եզրափակեց՝ «հա, հա, պաշտպանի քո վարչապետին»: Նա չգիտի, որ երբ նախորդ բոլոր իշխանությունների մասին նման հեքիաթներ էին պատմում, ես նույն «ճշտող» հարցերն էի տալիս: Ես չեմ կարող «օդի մեջ» կամ «օդում կախված» բաներ խոսել կամ համաձայնել դրանց հետ, ինձ պետք է որոշակի փաստական հիմք, որը սովորաբար իշխանությունների մասին խոսակցություններում, արդեն առնվազն 27 տարի է, բացակայում է: Ժողովրդական զանգվածներին նման փաստական հիմք պետք չէ: Պետք չէ նաև քաղաքական գործիչներին, որոնք ողջունում են, խրախուսում են «պատի տակի» խոսակցությունները, օգտվում են դրանցից, երբեմն նաև տարածում են դրանք: Օրինակ, ներկայիս ընդդիմադիրները շատ լավ գիտեն, որ Ստամբուլյան կոնվենցիայում միասեռականության մասին ոչ մի բառ չկա, բայց ձև են անում, որ մտահոգված են «ազգային արժեքների կորստով»: Նախկին ընդդիմադիրները, բնականաբար, տեղյակ էին, որ արագաչափերի տուգանքները «Սաշիկի» հետ կապ չունեն, սակայն նրանց ձեռնտու էր պահպանել և զարգացնել այդ առասպելը: Քաղաքականություն է, ինչ արած՝ ամբողջ աշխարհում է այդպես: Ես չեմ հասկանում մեկ այլ բան: Կան մարդիկ, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում, քաղաքական շահեր չունեն և ճշմարտությունը գիտեն: Ինչո՞ւ են նրանք հեքիաթներ լսելիս գլուխները տմբտմբացնում և «տոն տալիս» նման խոսակցություններին: Վախենո՞ւմ են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր