ԱԺ պատգամավորների ու գործադիրի մասնակցությամբ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացին:
Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Անի Սամսոնյանը, Արման Աբովյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Սարգիս Խանդանյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով առանձին զեկույց: Քննարկմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետի տեղակալը, ներկայացուցիչ Կոտայքի մարզպետարանից, ինչպես նաև փորձագետներ խորհրդարանից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջարկը կազմակերպելու նման քննարկում ու նշել, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների ճիշտ սկզբունքներով վերակազմակերպումը բխում է երեխայի լավագույն շահից: «Մեր մշտադիտարկման այցերը ցույց են տալիս, որ շատ դեպքերում երեխաները հայտնվում են հաստատություններում ոչ թե առանց ծնողական խնամքի մնալու հետևանքով, այլ սոցիալական վատ պայմանների պատճառով: Ավելի լավ վայր, քան ընտանիքն է, երեխայի համար չի կարող լինել: Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնդիրները բազմաթիվ են և դրանք տարեցտարի ավելի են խորանում», - նշել է Պաշտպանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ներկայում 4 գիշերօթիկ հաստատության լուծարման գործընթացը: Նա ներկայացրել է հաստատություններից դեպի ընտանիք երեխաների վերադարձի հետ կապված նախարարության ձեռնարկած քայլերը: Մասնավորապես, Ժ. Անդրեասյանը ներկայացրել է մանրամասներ երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատման գործընթացի, ընտանիքների համար նախատեսվող աջակցության փաթեթի, ընտանիքներին աջակցող կազմակերպությունների և ծառայությունների վերաբերյալ:
Քննարկմանը կարևոր մասնակցություն են ունեցել ԱԺ պատգամավորները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին ուղղել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերը՝ կապված հաստատությունները վերակազմակերպելուց հետո երեխաների ու նրանց ընտանիքների վիճակի, երեխաների կրթության ու մյուս իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր: Պատգամավորները նաև բարձրացրել են հարցեր, որոնք վերաբերում են հաստատությունների աշխատակիցների զբաղվածությանը այդ հաստատությունների փակվելու դեպքում:
Հանդիպման բոլոր մասնակիցները շեշտել են ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորման, ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:
Պատգամավորները և Պաշտպանը ընդգծել են մեծ ծավալով իրազեկման ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հանրությունը առավել լավ պատկերացում կազմի երկրում իրականացվող գործընթացի վերաբերյալ:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը կշարունակի գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում Պաշտպանն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով սահմանված անկախ մշտադիտարկող մարմնի կարգավիճակ: