211652_close_icon
views-count4394 դիտում article-date 10:52 25-10-2019

Նախարարն այսուհետև 800 հազար դրամով պիտի ավելի շատ մտածի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Տարիներ առաջ ես աշխատում էի մի խմբագրությունում, որտեղ խմբագիրների տեղակալներից մեկի աշխատավարձը 205 ռուբլի էր, իսկ մյուսինը՝ 200 ռուբլի: Վերջինս սիրում էր կատակել, որ իրենից բարձր աշխատավարձ ստացողը պետք է 5 ռուբլու չափով ավելի շատ մտածի հաղորդումների մասին: 80-ականների կեսերին 5 ռուբլին աշխատավարձով ապրող մարդու համար շոշափելի գումար էր: Իհարկե, կային հազարավոր մարդիկ, որոնք ապրում էին «կողմնակի եկամուտներով», բայց խոսքը նրանց մասին է, ովքեր այդ առումով պետության հույսին էին, և պետությունը պետք է ինչ-որ չափանիշներով գնահատեր նրանց ջանքերը: Հիմա պետական բյուջեից աշխատավարձ ստացող մարդիկ զգալիորեն ավելի քիչ են, և դա լավ է: Կան հազարավոր մարդիկ (այդ թվում նաև ես), որոնք միանգամայն օրինական ձևով կարողանում են ընտանիքները պահել՝ աշխատելով մասնավոր ընկերություններում՝ դա էլ է հրաշալի: Բայց ի՞նչ անել նրանց հետ, ովքեր պետական աշխատավարձի հույսին են: Նրանց ներդրումը պետական համակարգում գնահատելն այնքան էլ հեշտ գործ չէ: Հայաստանում նախարարները, պարզվում է, արդեն մի քանի ամիս է՝ ստանում են 1,5 միլիոն դրամ աշխատավարձ: Թե ինչու էր դա գաղտնի պահվում, և ինչու դրա մասին մենք՝ հարկատուներս, իմացանք միայն հիմա («Հետքի» գործընկերների լավ աշխատանքի շնորհիվ)՝ դրա վերաբերյալ իշխանությունը բավականին խճճված բացատրություն է տվել, որի իմաստը կարելի է ձևակերպել մոտավորապես այսպես՝ թեև գաղտնի էր, բայց ծածուկ չէր: Բայց ոչինչ՝ անցած լինի. նորից կրկնեմ՝ նախարարը, որը գործ ունի պետության միլիարդների հետ, իմ կարծիքով, պետք է ստանա բարձր աշխատավարձ: Բայց եթե առաջ նա ստանում էր «մաքուրով» մոտ 570 հազար դրամ, իսկ հիմա՝ ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ, ուրեմն, 800 հազար դրամով պիտի ավելի շատ մտածի՝ պետությանն օգուտ տալու մասին: Ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներով գնահատել նրա «մտածմունքների» արդյունքները, ես չգիտեմ: Կարելի է զուտ նյութական տեսակետից գնահատել ՊԵԿ-ի նախագահի աշխատանքը (և արդյունքները այս առումով իսկապես գոհացուցիչ են): Իսկ ինչպե՞ս գնահատել, ասենք, մշակույթի (և այլնի) նախարարի արդյունքները: Կոմպոզիտորներն ավելի շատ և ավելի լավ սիմֆոնիանե՞ր են գրել, դերասանները բեմում ավելի համոզիչ դերերո՞վ են հանդես եկել: Կա ևս մի խնդիր. եթե նախարարը ստանում է 1,5 միլիոն դրամ, իսկ, ենթադրենք, վարչության պետը՝ 200 հազար, վերջինիս տրամադրությունը կարող է շատ բարձր չլինել, և դա կանդրադառնա նրա աշխատանքի վրա: Էլ չեմ ասում, որ 80 հազար դրամ ստացող գործավարուհին կարող է չափազանց անորակ սուրճ եփել: Իսկ երթևեկության կանոնները խախտողներին տուգանելու համար ի՞նչ մոտիվացիա ունեն 150 հազար դրամ աշխատավարձ ստացող ճանապարհային ոստիկանները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր