211652_close_icon
views-count1081 դիտում article-date 16:44 21-10-2019

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Թումանյանի երազանքն էր ունենալ հայկական ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարիներին: Եվ խորհրդանշական էր, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվելու էր Հայրենական մեծ պատերազմի դժվարին օրերին՝ հաջորդող տասնամյակներում իր կարեւոր ավանդը բերելով մեր երկրի զարգացմանը»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների UNESCO-ի օրացույցում են ընդգրկվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակը եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը խորագրով հայտերը: «Միջազգային նշանակության այս իրադարձությունները հավուր պատշաճի անցկացման նպատակով տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ եւ ծրագրեր»,- ասաց Երանուհի Մարգարյանը: Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծեցին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության եւ լեզվաբանության տեսանկյուններից: Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության եւ ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը եւ Երեւանի պետական համալսարանը:

Նմանատիպ նյութեր