211652_close_icon
views-count1553 դիտում article-date 18:42 18-10-2019

ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի ավարտին ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Բրյուսելում հոկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի՝ Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը, համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 339-րդ հոդվածի։ Հաստատվել են նաև նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները: Հիշեցնենք, որ նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում: Քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները, Համաձայնագրով սահմանված դրույթների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են նախօրեին կայացած ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, Համաձայնագրի իրականացման նոր հնարավորություններին, ԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր