211652_close_icon
views-count2787 դիտում article-date 18:30 17-10-2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում հոկտեմբերի 15-ին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի 17-ին Բաքվում, և խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում համանախագահները զրույց են ունեցել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ: Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը: Համանախագահները ողջունել են մարդասիրական և անվտանգային յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն: «Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին ու երկարատև փորձառությանը համաձայն, դիտարկման առաքելության ծայրահեղ անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին կոչ են արել լիարժեք սատարել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի և նրա թիմի գործողություններին և ապահովել մոնիտորինգային առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացումը: Արտաքին գործերի նախարարները հաստատել են համանախագահների հովանու ներքո հանդիպման պատրաստակամությունը մինչև տարեվերջ: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,-նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր