Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը ԱՄՆ-ում Ferrari-ով ծանր վթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով կիսամիջին կարգային քաշում աշխարհի անպարտելի չեմպիոն, ամերիկացի Էրոլ Սփենսը սարսափելի վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում:
29-ամյա մարզիկը իր Ferrari սուպերմեքենայով մեծ արագությամբ ընթանալիս կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել: Վթարի հետևանքով մեքենան մի քանի անգամ շրջվել է, բռնցքամարտիկը կողային ապակուց դուրս է շպրտվել, քանի որ անվտանգության ամրագոտին չի ամրացրել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ին: Սփենսին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծանր է: Բժիշկներն առայժմ խուսափում են գնահատել նրա փրկվելու շանսերը:
Միջադեպից մի քանի ժամ առաջ Էրոլը ինստագրամում տեսանյութ էր տեղադրել գիշերային ակումբից:
Պրոֆեսիոնալ բռնցամարտում Սփենսն անցկացրել է 26 գոտեմարտ, որոնցում ոչ մի պարտություն չի կրել, իսկ 21-ը ավարտել է նոկաոուտով: