211652_close_icon
views-count1396 դիտում article-date 13:35 08-10-2019

Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կկայանա «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոնացված համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող ցանց։ Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միավորներից. ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։ Համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Ելույթներ կունենան ԱՀ Ազգային ժողովի նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթության, գիտության և սպորտի, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Հայ Դատի Վաշինգտոնի և Բրյուսելի գրասենյակների ներկայացուցիչները։ Համաժողովի քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ. ա) «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը». բ) «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։ Համաժողովը կընդունի հռչակագիր։ Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր