211652_close_icon
views-count1963 դիտում article-date 20:59 09-10-2019

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ: Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: Խոսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակը Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է: Նախագահ Սարգսյանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ և շնորհակալություն հայտնել հյուրերին ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործունեության համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապված է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում եք, հանդիպել եմ հայերի, որոնք, հատկապես Մեծ եղեռնից հետո, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լավ քաղաքացիներ: Ի դեմս Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի՝ դուք ունեք լավ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,-նշել է նախագահը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց արցախյան համաժողովում: Հանդիպմանը ներկա՝ համաժողովի պատվիրակները նշել են, որ իրենց միավորում է հիացմունքն ու սերը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս շարունակել ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր