483359 դիտում
01:28 05-10-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում «ռազբորկայի» ժամանակ հնչել են կրակոցներ. կա 3 զոհ և 5 վիրավոր. Ժամանել են մարզի ոստիկանության ու քննչականի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժնի պետեր Արթուր Մկրտչյանի, Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տարոն Թադևոսյանը, Զորի Բաբայանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Մանուչարյանը, ավագ քննիչ Գարիկ Վերմիշյանը, քննիչ Վահան Այվազյանը: վերջիններս փորձաքրեագետների հետ մանրամասն տեղազննություն են կատարում:
Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ:
Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր:
Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը:
Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը:
Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է:
Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Դավիթ եւ Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
Դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորների վրա սուր-կտրող-ծակող առարկայի հարված հետքեր կան, իսկ ինչ վնասվածքներ են ստացել մահացածները, դա պարզ կլինի դիակների դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Տեղում ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+