Դավիթ Սանասարյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան
Մեղադրյալի կարգավիճակ ունենալուց հետո լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: Այս մասին տեղեկություն է տեղադրվել Դատական տեղեկատվական համակարգում:
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին: