211652_close_icon
views-count4341 դիտում article-date 23:22 25-09-2019

«Իմաստը ներկայում է». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը. Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը` «Իմաստը ներկայում է» խորագրով: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Նովոսիբիրսկի «Հին տուն» դրամատիկական թատրոնի` «Կանաչ արոտավայրեր», Բելգիայի «Այրն Քեյ» ընկերության՝ «Ոտքերի և թաթերի վրա», Շվեդիայից Լոթթա Գարթոն ընկերության` «Սոլո» և «Մալալա-շատերից մեկը», Բրիտանիայից «Քենդուկո» պարային ընկերության` «Խելացնորության վայելչագեղ խաղ», ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանակակից պարային «Նավակները հեռանում են», «Մաշկի տակ․․․» ներկայացումները։ Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «ԳԱԿ/Փոքր թատրոն», «Միհր» և այլ թատրոններ: Տեղեկացնենք, որ 2019 թ. Եվրոպական փառատոների ասոցիացիան (ԵՓԱ) 715 փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույն փառատոների ցանկում: «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են` «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ» («U.S. dance spotlight»), «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ» (showcase)։ Արտասահմանյան ներկայացումների մուտքը հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով է:

Նմանատիպ նյութեր