211652_close_icon
views-count5689 դիտում article-date 11:00 18-09-2019

Այս իշխող կուսակցությունը, ինչպես և նախորդները, ամենևին էլ հավերժ չէ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՍԴ նախագահը, իմ կարծիքով, վաղուց պետք է հրաժարական տար: Նա պիտի ասեր՝ «Սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, ես այս աթոռին եմ նստել որպես որոշակի քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինչն ինքնին, իհարկե, սխալ է, բայց այդպես է ստացվել: Այդ թիմը հեռացել է, ես էլ նրանց հետ եմ հեռանում»: (Ի դեպ, նույն տրամաբանությամբ Վահե Գրիգորյանը չպիտի դառնար ՍԴ անդամ): Հրայր Թովմասյանը, սակայն, չգնաց, և նրանից ազատվելը դարձավ ներկայիս իշխանության առաջնահերթ խնդիրներից մեկը: Նախ՝ ՍԴ անդամներին առաջարկվեց գնալ թոշակի, և եթե դա անեին մինչև սեպտեմբեր, խոստացվել էր, որ նրանց աշխատավարձը կպահպանվի: ՍԴ անդամները չգայթակղվեցին այդ հնարավորությամբ: Սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն ընդունեց իսկապես վիճահարույց մի որոշում Քոչարյանի հայցի հիման վրա, և դա խիստ վրդովեցրեց իշխանությանն ու նրա երկրպագուներին: Այժմ Հրայր Թովմասյանին ուզում են «հանել» ԱԺ որոշմամբ, որը դարձյալ վիճելի է իրավական տեսանկյունից: Իշխանության տրամադրությունը լավագույնս արտահայտել է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը՝ հենց որ իշխող կուսակցությունը սկսի որևէ պաշտոնյայի պաշտոնանկության գործընթաց կամ նույնիսկ ակնարկի դրա մասին, այդ պաշտոնյան անհապաղ պետք է հրաժարական տա: Այսինքն՝ առաջ պաշտոն ստանալու համար պետք էր անցնել Մելիք-Ադամյան փողոցով, հիմա Սայաթ-Նովա փողոցով՝ այնտեղ է գտնվում հերթական իշխող կուսակցության «կենտկոմը»: ․․․ Տարիներ առաջ հարցազրույց էի վերցնում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Բաբկեն Արարքցյանից: Խոսք գնաց 1991 թվականի անկախության հանրաքվեի մասին՝ ինչո՞ւ էր Հայաստանը, ի տարբերություն, ասենք, Վրաստանի, Խորհրդային Միությունից դուրս գալիս այնքան մանրակրկիտ հետևում ԽՍՀՄ սահմանադրության տառին: Իմ զրուցակիցը նախ բերեց մարտավարական պատճառներ՝ կապված Արցախյան խնդրի հետ, իսկ այնուհետև ավելացրեց, որ կա ևս մի շատ կարևոր հանգամանք՝ գործընթացը պետք է իրավական առումով իդեալական լինի, որպեսզի 10, 20, 50 տարի հետո ոչ ոքի մտքով չանցնի այն վիճարկել: Արարքցյանը որպես օրինակ բերեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը, որը Խորհրդային միության և Ֆաշիստական Գերմանիայի միջև կնքվել էր 1939 թվականին, իսկ ուղիղ 50 տարի անց՝ 1989 թվականին, նույն Խորհրդային միության ժողովրդական պատգամավորների համագումարը դատապարտեց պայմանագրի գաղտնի արձանագրությունները, որոնցով Բալթյան երկրները և Բեսարաբիան մտել էին ԽՍՀՄ կազմի մեջ: ԱԺ նախագահի եզրակացությունն այն էր, որ պետական կյանքում չի կարելի ապրել միայն այս պահով կամ տեսանելի ապագայով: Այս առումով Հայաստանի անկախությունը հուսալիորեն պաշտպանված է: ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայինով» փոխարինելու խնդիրն իր մասշտաբով չես համեմատի Հայաստանի անկախության հետ (ինչպես նաև Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի): Բայց երբ որոշում է ընդունվում զուտ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, դատարանի ինչ-որ վիճահարույց որոշման պատճառով, որը իշխող կուսակցության սրտով չէր, պետք է հաշվի առնել, որ այս իշխող կուսակցությունը, ինչպես և նախորդները, ամենևին էլ հավերժ չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր