211652_close_icon
views-count1695 դիտում article-date 22:29 08-09-2019

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խնդիրներ չեն արձանագրվել

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետևել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ և՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, և՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով: Ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, Աշխատակազմի հեռախոսահամարները և թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար: Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 6 զանգ, որոնք առնչվել են գլխավորապես ԱՀ ընտրական օրենսդրության մի շարք դրույթների պարզաբանմանը: Իսկ զանգերից մեկը կատարվել է դիտորդի կողմից, որը ներկայացրել է գյուղական համայնքներից մեկում էլեկտրամատակարարման խափանման պատճառով առաջացած ընտրական գործընթացների դժվարությունները: Պաշտպանի աշխատակազմի կողմից դիտարկման աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Հանրապետության մի շարք բնակավայրերում գիշերվանից արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ, որոնք, ըստ «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումների, պայմանավորված էին անբարենպաստ եղանակի հետևանքով տեղի ունեցած վթարներով: Այնուամենայնիվ, խնդիրները շտկվել են օրվա ընթացքում: Քվեարկության արդյունքների և հավաքագրված տեղեկությունների ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր