211652_close_icon
views-count1605 դիտում article-date 13:39 05-09-2019

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տալու համար 720 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրա¬դարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանը հատկացնել 720 մլն: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս որոշումը պայմանավորված է սույն թվականի հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և դրանից բխող օգոստոսի 8-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 990- որոշման 3-րդ կետով: Նախարարը հիշեցրեց, որ այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդներին կհատկացվի 30 մլն դրամ, ծանր մարմնական վնասվածք ստացածներին՝ 15 մլն դրամ, միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 մլն դրամ: Նշենք, որ հաշվարկվել է, որ աջակցություն կտրվի 10 զոհերի հարազատներին, 10 ծանր վնասվածք ստացած տուժածներին և 54 միջին ծանրության վնասվածք ստացածներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն. «իմ դիրքորոշումն այն է, որ մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք ՄԻԵԴ-ի կողմից կայացրած որոշումների հիման վրա: Այս հարցում շատ կարևոր է, որ որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Բայց քանի որ մենք չգիտենք, թե ՄԻԵԴ-ը երբ կկայացնի որոշումներ այս հարցերով, չստացվի այնպես, որ մեր կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին և տուժածներին աջակցություն ցույց տալու համար, մենք այս որոշումը կայացնում ենք ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, վերջարդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման կփակենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա: Ես նկատի ունեմ չափը: Սա ըստ էության, միջանկյալ որոշում է»: Ռուստամ Բադասյանն էլ նկատեց, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնելիս կարող է հաշվի առնել նաև ՀՀ կառավարության կայացրած այս որոշումը:

Նմանատիպ նյութեր