211652_close_icon
views-count3057 դիտում article-date 16:44 07-08-2019

Զելենսկու և Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Դոնբասի ռուսամետ անջատականների վրա՝ կանխելու համար բռնությունները: Այս մասին հաղորդագրություն են տարածել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների պաշտոնական կայքերը։ Հեռախոսազրույցի մասին անձամբ հայտնել է Զելենսկին՝ ուկրաինական բանակի հրամանատարության հետ կայացած խորհրդակցությունից հետո: Խորհրդակցությունը հրավիրվել էր շփան գծում իրավիճակի հերթական սրացման հետ կապված: Երեկ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել: «Ես անհապաղ զանգել եմ Պուտինին: Ես նրան ասել եմ, որ դա չի մոտեցնում մեզ խաղաղությանը: Ես խնդրել եմ, որ նա ներազդի մյուս կողմի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն մեր մարդկանց սպանությունները», - այսօր կայացած ճեպազրույցում ասել է Զելենսկին՝ հավելելով, թե Պուտինը խոստացել է որոշ քայլեր ձեռնարկել: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ իրավիճակի սրացման պատճառով հնարավոր է հետաձգի իր այցը Թուրքիա: Նա հայտնել է, որ Դոնբասի հարցով բանակցություններ են նախատեսվում Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերը պայմանավորվել են Նորմանդական քառյակի հնարավոր հանդիպման մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է բանտարկյալների փոխանակման հարցը: Հուլիսի 21-ին Ուկրաինայի արևելքում հերթական հրադադարն էր հայտարարվել, բայց կրակոցները չեն դադարել: Երեկ հրադադարը խախտվել է և ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել։ 2014 թվականի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով 13 հազար մարդ է զոհվել:

Նմանատիպ նյութեր