211652_close_icon
views-count1245 դիտում article-date 16:06 03-08-2019

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքապետ Ջերոմ Լաքսալին

Օգոստոսի 2-ին Ավստրալիայում գտնվող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալի հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն: Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա աշխատանքային այցի նախօրեին Ռայդի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը։ Արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման բանաձևի ընդունումը հերթական վկայությունն է Արցախի ժողովրդի ազատ և խաղաղ զարգացման ձգտմանն աջակցելու հարցում Ռայդի քաղաքային իշխանությունների սկզբունքային դիրքորոշման, ինչն արտահայտվել է դեռևս 2018 թ. մայիսի 22-ին Արցախի ժողովրդի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև ընդունելու միջոցով։ Անդրադառնալով ԱՀ միջազգային կապերին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և օտարերկրյա քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումն ու զարգացումը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է, ինչը թույլ է տալիս Արցախի համայնքներին ու շրջաններին ներգրավված լինել միջազգային գործընթացներին՝ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ու մարդու իրավունքների խթանման նպատակով: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը կարևորվում է նաև Արցախը մեկուսացնելու, նրա բնակիչներին միջազգային համագործակցության առավելությունից զրկելու՝ Ադրբեջանի չդադարող փորձերի ֆոնին: Իր հերթին Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալը վերահաստատել է Ռայդի իշխանությունների հավատարմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու ձգտմանն աջակցելու հարցում: Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը Ջերոմ Լաքսալին է հանձնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալագիրը, որում քաղաքապետն իր երախտագիտությունն է հայտնել բանաձևի ընդունման կապակցությամբ և հրավիրել Ջերոմ Լաքսալին՝ այցելել Ստեփանակերտ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ռայդի քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Նմանատիպ նյութեր