211652_close_icon
views-count1686 դիտում article-date 15:58 30-07-2019

«Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանը ՔԿՀ-ի աշխատակիցների առերևույթ հանցավոր աջակցությանը համարժեք գնահատականներ չեն տրվել. 5 քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի քանի դեպքեր, երբ ՔԿՀ տարբեր աշխատակիցներ, ոչ պատշաճ կատարելով ծառայողական պարտականությունները, ՔԿՀ-ում պահվող անձանց հետ մտել են անօրինական հարաբերությունների մեջ և ապահովել նրանց համար տարատեսակ արգելված իրերի՝ ՔԿՀ տարածք ներթափանցմանը: Դեպքերից մեկով, օրինակ, 2016թ. ՔԿՀ դատապարտյալին երկարատև տեսակցության եկած կինը, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել, որից հետո նրան ուղեկցող անձն իր ավտոմեքենայով տարել և Արթիկ քաղաքի ավտոկայարանի մոտ գտնվող սրճաղացի աշխատակցին է փոխանցել 1,5լ և 1,0լ տարողությամբ պոլիէթիլենից շշերով, ոգելից խմիչքին բնորոշ հեղուկ զանգվածներ: Սրճաղացի աշխատակիցը իրավապահներին հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն՝ դրանք պետք է փոխանցեր «Արթիկ» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետին, ում նախկինում, նույն ճանապարհով դատապարտյալի հարազատների միջոցով փոխանցվել էր մեկ պարկ սոխ: Արդյունքում, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալների հետ անօրինական կապ հաստատելու համար տվյալ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալները պարունակել են առերևույթ կաշառք տալու և կաշառք ստանալու հատկանիշներ: Կամ՝ 2018թ. արձանագրված դեպքով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի անձնական խուզարկությամբ վերջինիս որովայնի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 7 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, Wi-Fil ինտերնետ ցրիչ սարք, երեք հատ USB մալուխ և մեկ հատ բջջային հեռախոսի ականջակալ: Պարզվել է, որ դրանք նախատեսված են եղել փոխանցելու դատապարտյալներից մեկին, ում աշխատակիցը փոխանցած է եղել իր հեռախոսահամարը՝ կապ պահպանելու և այդ իրերի ստացումը կազմակերպելու համար: Իրականացված ծառայողական քննության արդյունքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ընդամենը տվյալ աշխատակցի նկատմամբ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հարցի քննարկում է նախաձեռնվել: 2018թ. տեղի ունեցած մեկ այլ դեպքում պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ միայն չի զեկուցել ղեկավարությանը, որ Արթիկ քաղաքի բնակիչ ներկայացած քաղաքացին ցանկացել է ոչ աշխատանքային օրը կալանավորված անձին որպես հանձնուք սնունդ փոխանցել, այլև չունենալով թույլտվություն, ընդունել է այն և փոխանցել կալանավորված անձին՝ չնայած այն հանգամանքին, որ անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել և այդ սննդատեսակը որպես հանձնուք ներկայացնելու դիմում ներկայացված չի եղել: Մինչդեռ, ծառայողական քննության արդյունքում այդ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Նկատողություն» կարգապահական տույժը: Իսկ հայտնաբերված մյուս՝ 2017թ. տեղի ունեցած դեպքում «Գյումրի» բժշկական կենտրոնից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի անձնական խուզարկությամբ վերջինիս կոշիկների միջից՝ պատրաստված թաքստոցներից, հայտնաբերվել է երկու բջջային հեռախոս: Ծառայողական քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կալանավորված անձին կոշիկները հասել են բուժկենտրոնի ժամանակավոր պահակետում նշանակված տվյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ կալանավորին հանձնուք հանձնելու արդյունքում: Ծառայողական քննությամբ այդ աշխատակցի նկատմամբ էլ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը: Հայտնաբերվել են նաև նշված ժամանակահատվածում ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նմանատիպ դրսևորումներ թույլ տալու և դրանք համարժեք իրավական գնահատականի չարժանացնելու նմանատիպ այլ դեպքեր ևս: Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պաշտոնատար անձինք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանալով հետաքննության մարմին, հնարավոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը դիտարկել են զուտ կարգապահական բնույթի խախտման տիրույթում և իրենց աշխատակիցների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ առերևույթ հանցագործությունները և դրանց կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու նպատակով չեն ձեռնարկել քրեադատավարական միջոցներ, ինչի հետևանքով հնարավոր չի դարձել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Այդ կերպ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ուսումնասիրությամբ հայտնաբերված դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր