211652_close_icon
views-count78876 դիտում article-date 15:12 29-07-2019

Լարված իրավիճակ Արարատի մարզում․ քաղցրաշենցիները փակել են ճանապարհն ու ասում են՝ «մութ ու ցուրտ տարիներին մանկապարտեզը գործել է, իսկ հիմա, չգիտես որ մի «ծալապակասի» մեղքով, 3 տարի է երեխաները մանկապարտեզ չեն կարողանում հաճախել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 29-ին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Քաղցրաշեն գյուղի բնակիչներն, ի նշան բողոքի, փակել են Քաղցրաշեն գյուղ մտնող ճանապարհը և պահանջում են, որպեսզի Տարածքային կառավարման նախարարությունն ու Արարատի մարզպետարանը վերջապես հստակ պատասխան տան, թե երբ է ի վերջո գյուղի մանկապարտեզի շահագործման հարցը լուծվելու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Կառավարությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ պետք է մարզերում և գյուղերում զարգացում լինի։ Ի՞նչ զարգացման մասին է խոսքը, երբ գյուղի մանկապարտեզը, որը «մութ ու ցուրտ» տարիներին անգամ գործել է, 3 տարի է ինչ-որ շինարարական կազմակերպության «քաջագործությունների» հետևանքով՝ ողջ գյուղը տուժում է։ Դատական ինչ-որ քաշքշուկների մեջ են ներքաշել մանկապարտեզը։ Ինչ է՝ մենք էս երկրի խորթ զավակնե՞րն ենք, որ մեր երեխաներին գյուղի մանկապարտեզի փոխարեն պիտի տանենք այլ գյուղեր կամ Արտաշատ։ Սովետի ժամանակ Քաղցրաշենի մանկապարտեզը տարածաշրջանում ամենաճանաչվածն էր։ Էս 3 տարի է չգիտենք՝ ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք։ Հիմա ասում են՝ իրավիճակ է փոխվել։ Դրա համար դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ Հարգելի վարչապետ, ինչպես Դուք եք ասում՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, խնդրում ենք՝ մտածեք էս ժողովրդի մասին ու այնպես արեք, իսկ դա Դուք կարող եք, որպեսզի մանկապարտեզը բացվի, և մեր քյորփա երեխեքին ուղարկենք մեր գյուղի մանկապարտեզ։ Մենք գիտենք, Դուք դա կարող եք՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիներն ասում էին՝ իրենք շնորհակալ են գյուղապետից, մանկապարտեզի վարիչից, նախկին մարզպետներ՝ Էդիկ Բարսեղյանից, Ալիկ Սարգսյանից։ «Ուզում ենք հավատանք, որ ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանը նույնպես շահագրգռված է, որպեսզի գյուղում մանկապարտեզը գործի։ Եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվեց, այլ ելք չկա՝ ողջ գյուղով, ահել-ջահել․ մեր ու մանուկ հավաքվելու ենք գնանք ոչ թե Արարատի մարզպետարան, այլ կառավարություն ու վարչապետին ասելու ենք՝ Դուք եք մեր «Դետոչկինը», մեր երեխաներին ձեզ ենք վստահում»։ Գ․ Շամշյանը հայտնում է, որ մանկապարտեզում այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, սակայն շնորհիվ գյուղապետի՝ ներսում հսկայական աշխատանքներ են կատարվել։ Հին խորհրդային դռներն ու պատուհանները փոխարինվել են եվրոպական դուռ ու լուսամուտով, կապիտալ փոխվել են սանհանգույցները, լոգարանները։ Անգամ ամեն սենյակ ունի իր առանձին սանհանգույցն ու բաղնիքը։ Եթե շինարարական կազմակերպությունը չխանգարի, ապա գյուղապետը, ինչպես գյուղացիներն են ասում, գյուղի երեխաների համար «վիզ կդնի» և մանկապարտեզը շահագործման կհանձնի ու 120-ից ավելի երեխաներ կհաճախեն մանկապարտեզ։ Այս պահին գյուղացիներն, ընդառաջելով գյուղապետին և Ոստիկանության ծառայողներին ճանապարհը բացեցեին, խոստանալով, որ՝ եթե մինչև օգոստոսի 1-ը խնդիրը չլուծվեց, այս անգամ փակելու են Երևան-Արտաշատ մայրուղին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր