211652_close_icon
views-count3784 դիտում article-date 10:49 19-07-2019

Մարդուն ցավ պատճառեցիր, հայհոյեցիր, անիծեցիր, ուրեմն՝ հավաքեցիր «բացասական կարմա»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ արևմտյան մշակույթի մարդիկ ասում են՝ «դե ինչ արած, դա իմ կարման է», նրանք հաճախ նկատի ունեն իրենց բախտը, ճակատագիրը: Բայց «կարմա» բառի այդ մեկնությունը հեռու է իրական իմաստից: «Կարմա» նշանակում է պատճառահետևանքային կապ, հատուցում և, եթե կարճ ձևակերպենք, ենթադրում է, որ մեր ցանկացած արարք իր համապատասխան հետևանքն է թողնելու մեր կյանքում: Ամեն ինչ պարզ է՝ դու մարդուն ցավ պատճառեցիր, հայհոյեցիր, անիծեցիր, ուրեմն հավաքեցիր «բացասական կարմա», և դա անպայման իր հետևանքն է ունենալու քո կյանքի հետագա ընթացքում: Դու մեկին ձեռք մեկնեցիր, քաջալերեցիր, կարեկցեցիր, դա քո կյանքի համար, այսպես ասած, «դրական միավոր» է: «Կարման» Աստծու պատիժ կամ խրախուսում չէ, դա կյանքի բնական ընթացքն է: «Կարման» հնդկական «վեդանտայի», իսկ հետագայում՝ բուդդիզմի տեսություն է, բայց մարդկանց կյանքի երջանիկ պահերի և դժբախտ պատահարների ու նրանց վարքի պատճառահետևանքային կապն ընդունում են նաև հոգևոր այլ ուսմունքներ: «Չխաբվեք, Աստված չի ծաղրվում (այսինքն՝ Նրան հնարավոր չէ խաբել – Ա.Ա.), որովհետև ինչ մարդս սերմանում է, նույնը կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք: Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձեք, եթե չթուլանաք», – գրում է Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված իր թղթում: Տարբերությունն այն է, որ հնդիկներն ու բուդդիստները կարծում են, թե մարդու հոգին տեղափոխվում է մարմնից մարմին, իսկ մենք վստահ ենք, որ հոգին ապրում է միայն մեկ մարմնում, որի ֆիզիկական մահից հետո որոշվում է, թե որտեղ է այն հայտնվելու: Դա մի կողմից լավ է, քանի որ մենք պատասխանատու ենք միայն մեր կյանքի համար և մեր սխալները ուղիղ արտապատկեր չեն ուրիշ մարմիններում: Մյուս կողմից, վատ է, որ «հոգու վրա աշխատելու» հնարավորություն է տրվում միայն մեկ անգամ մեր կարճատև կյանքի ընթացքում: Լև Տոլստոյը, որն, ինչպես հայտնի է, քրիստոնեության ջատագով էր՝ չնայած խնդիրներ ուներ պաշտոնական եկեղեցու հետ, թարգմանել էր հնդկական մի առակ, որն այդպես էլ կոչվում է՝ «Կարմա»: Բազմաթիվ մեղքեր գործած և դժոխքում հայտնված ավազակին հնարավորություն է տրվում դուրս գալ դժոխքից՝ բարձրանալով սարդոստայնով: Բայց հենց որ նա նայում է ներքև, տեսնում է, որ նույն սարդոստայնով բարձրանում են հազարավոր մարդիկ: Եվ նա բացականչում է՝ «թողեք այդ սարդոստայնը, այն իմն է, այն չի դիմանա մարդկային ամբոխի ծանրությանը»: Այդ պահին սարդոստայնը կտրվում է, և ավազակը դարձյալ հայտնվում է անդունդում: Առակն ավարտվում է հետևյալ եզրահանգմամբ. «Նա, ով ցավ է պատճառում ուրիշին, չարիք է պատճառում ինքն իրեն: Նա, ով օգնում է ուրիշին, օգնում է ինքն իրեն: Թող վերանա անձի պատրանքը (ավելի վաղ պատմվածքի մեջ տրվում է ավելի հասկանալի ձևակերպում՝ դադարեք ձեզ համարել առանձին էակ – Ա.Ա.), և դուք կբռնեք առաքինության ճանապարհը»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր