211652_close_icon
views-count6892 դիտում article-date 18:47 08-07-2019

Տարիներ շարունակ վանդակում բանտարկված արջը տեղափոխվել է առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue/IAR) աջակցությամբ տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR): Սարսափելի պայմաններում պահվող կենդանին 5 տարի շարունակ գտնվել է նույն վանդակում՝ առանց անհրաժեշտ նվազագույն պայմանների և խնամքի։ Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացու խոսքերով՝ կենդանին մոտ 9-10 տարեկան է, նրանց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ու Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) համագործակցությամբ շարունակվում է իրականացվել Արջերի փրկության ծրագիրը (Bear rescue), որի առաջնային նպատակն է առավել լավ պայմաններ ապահովել ՀՀ տարբեր վայրերում բանտարկված արջերի համար։ Կենդանիները վանդակներում են հայտնվել հիմնականում մարդկային գործոնի ազդեցությամբ և այժմ ունեն հատուկ հոգածության կարիք։ Հայաստանում դեռ շատ են տարբեր զվարճանքի և հանրային սննդի օբյեկտներում, մասնավոր տարածքներում բանտարկված կենդանիներ, որոնք սպասում են փրկության իրենց հերթին։ Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր