211652_close_icon
views-count1224 դիտում article-date 21:54 01-07-2019

Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը նշված բնագավառներում։ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն։ Նշելով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արագ տեմպով զարգանում է՝ Հանրապետության նախագահը նկատել է, որ տեխնոլոգիաների զարգացման բնագավառում Բելառուսի փորձը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել։ «Այսօր ես այցելեցի Բարձր տեխնոլոգիաների պարկ, որը բավականին տպավորիչ էր։ Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության։ Գիտության ու տեխնոլոգիաների զարգացումն առանց կրթության չի կարող լինել»,-ասել է նախագահը։ Նշելով, որ ամբողջությամբ սատարում է երկու երկրների կրթական գերատեսչությունների միջև համագործակցությանը, Արմեն Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների, մասնավորապես գիտական, ինժեներական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին և նշել, որ ուրախ կլինի այդ ձևաչափում նույնպես համագործակցել բելառուսական ընկերությունների հետ։ Համալսարանի պրոռեկտոր, ակադեմիկոս Օլեգ Իվաշկևիչն այնուհետև ներկայացրել է համալսարանի՝ գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը։ Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր