69889 դիտում
13:15 28-06-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ պայմանագրային զինծառայողը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարության փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու վարչության պետի օպեր գծով տեղակալ Սամվել Խմելյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խաչատրյանն է։
Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Արմավիրի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Վ․ Խաչատրյանի, նույն գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Վահագն Խաչատրյանի, 23-ամյա Վահրամ Խաչատրյանի, 24-ամյա Վահան Բաբայանի և Այգեշատ գյուղի բնակիչ 19-ամյա Վահե Խաչատրյանի միջև, որի ժամանակ Վահե Խաչատրյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վրեժ Խաչատրյանի կրծքավանդակին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են նաև կռվի բոլոր մասնակիցներին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու համար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: