211652_close_icon
views-count1654 դիտում article-date 22:45 21-06-2019

ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովում քննարկվել է դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների ավելացման հարցը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգի գլխավոր հարցը վերաբերել է Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների ավելացմանը։ Նիստը վարել է ՀԽ ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը։ Հարցի քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանը և բաժնի աշխատակից Արման Սուֆլյանը։ Գագիկ Եգանյանն իր կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա տեղեկանք է ներկայացրել Պարսից ծոցի արաբական երկրներում բնակվող և աշխատանքային գործունեություն իրականացնող բազմաթիվ երկրների քաղաքացիների թվաքանակի, այդ երկրներում վարվող իմիգրացիոն քաղաքականության մասին, ըստ որի շատ դեպքերում ներգաղթյալները կարճատև ժամկետով դուրս են գալիս այդ երկրներից, որպեսզի հնարավորություն ունենան թարմացնելու բնակության իրավունք տվող իրենց կացության կարգավիճակը: «Այդ երկրներում բնակվող իմիգրանտներն ընտրում են Պարսից ծոցի տարածաշրջանին չպատկանող այնպիսի երկրներ, որտեղ մի կողմից դյուրին է մուտք գործելը, իսկ մյուս կողմից՝ 3-4 օր տևողությամբ այդ կարճաժամկետ ուղևորությունները չեն պահանջի մեծ ծախսեր: Այդ տեսանկյունից նրանց համար նախընտրելի է համարվում նաև դեպի Հարավային Կովկասի երկրներ ուղղությունը, մասնավորապես դեպի Վրաստան ու Հայաստան»,-ասել է Եգանյանը: Եգանյանն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ այդ ուղևորահոսքերը մեծապես գնում են դեպի Վրաստան։ Վերլուծելով ու համեմատելով Հայաստանի ու Վրաստանի նմանություններն ու տարբերությունները՝ փորձագետը եկել է այն եզրահանգման, որ տարբերությունը հիմնականում պայմանավորված է Հայաստան ու Վրաստան մուտք գործելու տարբեր ռեժիմներով: «Պարսից ծոցի երկրներում բնակվող օտարերկրացիները Վրաստան ժամանելիս ազատված են մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ»,-նշել է Եգանյանը՝ հավելելով, որ խնդիրը չի լուծում անգամ սահմանակետում ժամանման պահին մուտքի արտոնագրի տրամադրումը, քանի որ դա ենթադրում է մի կողմից՝ որոշակի ժամանակատար վարչարարական գործընթաց, իսկ մյուս կողմից՝ պետտուրքի վճարում: Ուստի պատահական չէ, որ այդ անձիք նախընտրում են մեկնել Վրաստան, որտեղ նրանք ազատված են այդպիսի պահանջներից»: Ի՞նչ անել ուղևորահոսքերի տարբերությունները մեղմելու և դրանք դեպի Հայաստան ուղղորդելու համար։ Նշված նպատակին հասնելու համար Գագիկ Եգանյանն առաջարկում է Հայաստան ժամանելիս այդ անձանց ազատել մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից (հատկապես որ սահմանակետում, ըստ էության, շրջանցվում է անվտանգության խնդիրը, իսկ գանձվող գումարը, որն ընդամենը 3000 ՀՀ դրամ է, ֆիսկալ խնդիր չի լուծում)։ Առաջարկվել է առաջին փուլում՝ որպես փորձնական ծրագիր, Պարսից ծոցի երկրներից Հայաստան ժամանող ուղևորների համար վիզայի պահանջից ազատել միայն ԱՄԷ-ում բնակվող ֆիլիպինցի քաղաքացիներին: Առաջարկի օգտին են խոսում հետևյալ հանգամանքները. նրանց թվաքանակն այնտեղ կազմում է ավելի քան 800 000 մարդ, Երևանի և Դուբայի միջև առկա են կանոնավոր ավիաչվերթներ, բացի այդ, ֆիլիպինցիներն աչքի են ընկնում որպես մեղմ, բարեպաշտ և իրապես քրիստոնյա ազգ։ Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նույնպես կարևորել է հանձնաժողովում բարձրացված հարցը։ Միաժամանակ քննարկում է ծավալվել Հայաստան մուտք գործող աշխատանքային միգրանտների վերաբերյալ։ Հանձնաժողովի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել հարցի առնչությամբ։ Իրինա Դավթյանը նշել է, որ պետք է ստեղծվեն հստակ մեխանիզմներ, որպեսզի վերահսկելի լինեն աշխատանքային միգրանտների ավելացման հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կարևորել է Գագիկ Եգանյանի պատրաստած տեղեկանքը, որտեղ ուշագրավ տեղեկություններ ու վերլուծություներ են ներկայացված, իսկ կոնկրետ ԱՄԷ-ում բնակվող և աշխատանքի իրավունք ունեցող Ֆիլիպինների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու մասին առաջարկի հետ կապված նշել է, որ այն դրական է և նախարարությունում կդրվի քննարկման։ Մ. Սաֆարյանը նաև հայտնել է, որ այժմ Արտաքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով Հայաստանում նոր ուղևորահոսքերի ձևավորումը, գործընթաց է սկսել ՀՀ մուտք գործելու տարբերակներն ավելացնելու ուղղությամբ։ Ամփոփելով հարցի քննարկումը՝ Եգանյանը հայտնել է, որ Ֆիլիպինների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրային խորհուրդը կներկայացնի նաև ՀՀ կառավարություն։ Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է հանձնաժողովի առաջիկա տարիների ուղենիշերին։ Եգանյանը նշել է, որ այդ ուղենիշերն ամփոփված են հանձնաժողովի գործունեության 3 ուղղություններում՝ ժողովրդագրական հարցեր, գենդերային ոլորտի խնդիրներ և միգրացիա։ Գագիկ Եգանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է նշված 3 ուղղություններում ներկայացված ուղենիշերի հետ կապված ներկայացնել առաջարկներ ու դիտողություններ։ Օրակարգի վերջին հարցը վերաբերել է հնձնաժողովի անդամների թիվը համալրելուն։ Քանի որ ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովը ՀԽ մյուս հանձնաժողովների համեմատ թվով ամենափոքրն է (23 անդամ), հանձնաժողովի նախագահն առաջարկել է հանձնաժողովը համալրելու նպատակով գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ հրավիրել։ [b] ՀԽ մամուլի պատասխանատու[/b]

Նմանատիպ նյութեր