211652_close_icon
views-count1210 դիտում article-date 22:44 06-06-2019

Գարնանը տնկված ծառերի 90%-ը աճ է տվել. ոլորտում կատարված ծրագրերի և խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրային տարածքները պետք է ծառայեն բնակիչներին: Քաղաքային իշխանության այս մոտեցումը գործնական կիրառում է ստացել: Նախ ապամոնտաժվեցին Օպերայի և բալետի շենքի հարակից հանրային կանաչ տարածքների վրա կառուցված սրճարանները, այնուհետև Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարիներ շարունակ չգործող, անխնամ սրճարանն ու բետոնապատ տարածքները և մետաղական կառուցվածքները: «Մենք արդեն հինգերորդ հանրային տարածքն ենք ազատագրում: Հեռացվում են բետոնապատ բոլոր հատվածները, որից անմիջապես հետո իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ», - նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Այս տարի աշնանը մայրաքաղաքում կիրականացվի կանաչապատման ևս երկու խոշոր ծրագիր: Սարալանջում և Սիլիկյան թաղամասում կհիմնվի անտառային գոտի: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։ Մի քանի տարի անց կունենանք այս պատկերը: «Երկու հատվածներում իրականացրել ենք գեոդեզիական հանույթ, ճշգրտումներ են արվել կադաստրի կոմիտեի հետ: Ունենք հստակ չափաբաժինները և առաջիկա օրերին արդեն նախագծի մրցույթ կունենանք, որից հետո կմեկնարկեն ոռոգման համակարգի անցկացման և նախապատրաստական աշխատանքները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը: 2019-ին Երևանում ընդհանուր առմամբ 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Մինչ այդ, սակայն, այսօր մայրաքաղաքում ոռոգմանն առնչվող լուրջ խնդիրներ կան: «Սևանից ջրբացթողումը դեռ «Ջրառ» ընկերությունը չի իրականացնում և մենք ունենք ցածր ճնշում: Հիմնական հատվածներում փորձում ենք բացը լրացնել շարժական մեքենաների միջոցով, սակայն սա լուրջ խնդիր է: Մենք դիմել ենք նաև Ջրային կոմիտե, որպեսզի օր առաջ անհրաժեշտ ջրի ծավալն ապահովվի, որովհետև, բացի բուսաշերտը վնասելուց, մենք նաև հրդեհային իրավիճակ ենք ստեղծում մայրաքաղաքում, որն անցանկալի է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը: Ոռոգումն այսօր մայրաքաղաքում իրականացվում է 8 խորքային հորերով և 16 պոմպակայաններով: Քաղաքի ոռոգման համակարգը հնացած է և մաշված. «Մենք նաև ինքնավար համակարգ ունենալու խնդիր ունենք, որովհետև պոմպակայանները, ջրանցքներով ինքնահոս ջրամատակարարումը կախված է նաև այլ ջրօգտագործողներից: Հաճախ անհրաժեշտ ջրապահանջարկ չապահովելով Երևանի ընդհանուր օգտագործման տարածքները կանաչապատելու համար խնդիր ենք ունենում: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ սեփական հորերով և ջրօգտագործման համակարգով կարողանանք այս համակարգը լրացնել և ըստ անհրաժեշտության ոռոգում ապահովել»: Գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվեց 7500 ծառ և թուփ: Արդյունքները գոհացուցիչ են. տնկիների 90%-ը աճ են տվել: «Մենք խոստացանք, որ որակյալ ծառեր ենք միայն տնկելու և գործընթացն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում: Բարեբախտաբար, 90 տոկոսից ավելի կպչողականություն ունենք, որը մեր պայմանների համար բավականին բարձր ցուցանիշ է: Մենք պետք է պահպանենք այս նիշը, որպեսզի օր առաջ կանաչ Երևան կարողանանք ապահովել»: Երբեմն ծառերի էտն անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա հետևանքով: Մասնագետները վստահեցնում են. աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով: Մայրաքաղաքում մեկնարկել է նաև ծաղկապատման գործընթացը: Այս պահի դրությամբ ավելի քան 330 հազար ծաղկասածիլ է բաժանվել վարչական շրջաններին: Առաջիկայում ծաղկառատ կլինեն նաև վերգետնյա անցումներն ու պատշգամբները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր