211652_close_icon
views-count1026 դիտում article-date 12:44 05-06-2019

Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի. Փաշինյան

Հայաստանի դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/977313.html]Արմենպրես[/url]»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա այսօր Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն ո՞ւմ է ներկայացնում: Սա ամենակարևոր հարցն է: Չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար դատաիրավական բարեփոխումների պրոցեսի տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է: Իհարկե, այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, բայց մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի որևէ որոշում հանրության մեջ ցնցումներ չառաջացնի: Մեր խնդիրը հենց սա լուծելն է»,- ընդգծեց վարչապետը: Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում կա ճգնաժամ: «Տեսեք ինչ է տեղի ունեցել: Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում Սահմանադրական դատարանի դեմ, Դատարանների խորհուրդը հայտարարություն է անում Բարձրագույն դատական խորհրդի դեմ, Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես հայտարարություններով է հանդես գալիս: Այսինքն, հենց ինքը դատական համակարգն ընդունում է, որ այդ ճգնաժամը կա: Սա այս փուլի, տեղի ունեցած, ոմանց կարծիքով վիճահարույց գործողությունների ամենակարևոր արդյունքն է: Դատական համակարգն արձանագրեց, որ ինքը ճգնաժամի մեջ է: Դատարանները իրար չեն վստահում: Եթե Վճռաբեկ դատարանն ասում է Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել, եթե Դատարանների խորհուրդն ասում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի ապահովում դատական իշխանության գործունեությունը, սա արձանագրում է ճգնաժամի մասին»,- ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ իրենց խնդիրը չէ «գերանդին առնել և հնձել բոլորին, ամեն ինչ և ամեն տեղ»: «Ընդհանրապես որևէ մեկին հնձելը մեր խնդրի մեջ չի մտնում: Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ: Ամենամեծ խնդիրը ինձ համար որպես վարչապետ հենց առաջին օրվանից գիտե՞ք որն է: Ես ասել եմ, որ դատական իշխանության գործերին չեմ միջամտում և չեմ միջամտել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեկին բռնում են, ամբողջ մամուլն ու սոցիալական ցանցերը գրում են, թե ինչու վարչապետը որոշեց այս ինչ մարդուն բռնի: Ինչ-որ մեկին բաց են թողնում, ամբողջ քննարկումն այն է, թե ինչու վարչապետը որոշեց այսինչին բաց թողնել, այս ինչ խաղեր են տալիս: Հասկանո՞ւմ եք, ամբողջ խնդիրն այն է, որ ինչ կատարվում է, այդ թվում՝ դատական համակարգում, ես տեսնում եմ, որ վերջում պատասխանատվության սլաքները էլի ուղղվում են ինձ վրա: Չնայած ես ասել եմ, օրինակ եմ ծառայել, բայց դա չի օգնում: Հասկանո՞ւմ եք սա ինչ անհեթեթ իրավիճակ է, երբ դու որևէ առնչություն չունես այդ որոշումների հետ, և դե յուրե այդպես պետք է լինի, դու, ըստ էության մնում ես քո սահմանադրական լիազորությունների շրջանակներում, բայց և համակիրներն են ասում՝ էս ինչ խաղեր եք տալիս, բաց թողեցիք, հա՞, և ընդդիմությունն է ասում, թե հրահանգեց»,- մանրամասնեց վարչապետը: Փաշինյանն անդրադարձավ նաև դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու վերաբերյալ իր կոչին՝ ընդգծելով, որ դրա նպատակն էր ի ցույց դնել, որ դատական համակարգի որոշումների հետ ինքը որևէ կապ չունի: «Բայց եթե մենք այս մի տարին սպառված ենք համարում, որ դատական համակարգը ինքը ինքնամաքրման պրոցես սկսի, արդեն գալիս է քաղաքական որոշումների ժամանակը: Ես չեմ կարող անտեսել հանրության ուղերձը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքական թիմը, խորհրդարանը պետք է սկսի որոշակի պատասխանատվություններ վերցնել իր վրա: Խոսքը դատական համակարգի բարեփոխումների մասին է»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր