211652_close_icon
views-count1488 դիտում article-date 20:25 04-06-2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է գործընկերոջը եվրոպական ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքների համար, ինչպես նաեւ հաջողություն մաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Արարատ Միրզոյանը կարեւորել է Լեհաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարերից եկող բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա: «Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Լեհաստանը համարվում է Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Միրզոյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն էական նշանակություն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների գործունեությունը: Ազգային ժողովի նախագահն արժեւորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Մեծապես կարեւորելով Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ այն կծառայի որպես գործուն ձեւաչափ եւ հնարավորություն կտա անմիջական մթնոլորտ հաստատելու մտքերի փոխանակման եւ համատեղ ծրագրերի քննարկման ու իրագործման համար: Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկին իր հերթին շնորհավորել է Արարատ Միրոյանին Ազգային ժողովի ընտրությունների եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Մենք ջերմ զգացումով էինք հետեւում Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով ժողովրդավարացման անցնելու գործընթացին»,- շեշտել է մարշալեկ Կուխչինսկին: Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ Մարեկ Կուխչինսկին ներկայացրել է Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակին եւ նշել, որ խումբը լուրջ աշխատանք է կատարում հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մարշալեկը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի կյանքում: Ի պատասխան Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած հատուկ դրական վերաբերմունքի եւ որդեգրած քաղաքականության համար: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար՝ նշելով, որ փաստաթղթի լիակատար իրագործումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է: Հանդիպման ավարտին կողմերը շարունակական, առավել ակտիվ համագործակցության եւ նորանոր ծրագրերի իրականացման պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ նյութեր