211652_close_icon
views-count1273 դիտում article-date 20:35 30-05-2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԱՀԿ հակակոռուպցիոն փորձագիտական խմբի անդամներին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ փորձագիտական խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը հանրային հստակ ձևակերպվող պահանջների համատեքստում Հայաստանում հռչակվել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը: Եվ չնայած քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արձանագրվել են աննախադեպ արդյունքներ, սակայն համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն զգալի է՝ հատկապես հակակոռուպցիոն պայքարի կանխարգելման, վերահսկման և հանրային իրազեկման բաղադրիչների ուժեղացման ուղղություններով: Այս իմաստով Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային կառույցների և մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության սերտ համագործակցությամբ և փորձագետների ներգրավմամբ տարբեր երկրների կուտակած փորձի ուսումնասիրումը՝ հատկապես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելների ընտրության և տեղայնացման ոլորտում: Փորձագիտական խմբի ղեկավար Անդրեյ Մունտեան նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում սկսված հակակոռուպցիոն բարեփոխումներին փորձագիտական աջակցության ուղղվածության հստակեցումն է և դրանից բխող առաջարկությունների փաթեթ ներկայացնելը: Այս տեսանկյունից փորձագիտական խմբի ղեկավարը կարևոր է համարել բարեփոխումների տեսլականի շուրջ ՀՀ դատախազության դիրքորոշումներին ծանոթանալը՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում վերջինիս ունեցած առանցքային դերակատարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի կենտրոնացված և ապակենտրոնացված մոդելային լուծումներին առնչվող հարցեր, դրանցից յուրաքանչյուրի կոնցեպտուալ առավելություններն ու հնարավոր թերությունները, ռիսկերը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը թույլ չի տա կորցնել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահության արդեն իսկ ձեռքբերված կապիտալը և նվազագույնի կհասցնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ու վճռականությունը սուբյեկտիվ գործոններով պայմանավորելու ռիսկերը: Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ դատախազության ներկայացուցիչների և փորձագիտական խմբի միջև ընդլայնել համագործակցությունը ըստ անհրաժեշտության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման հարցում: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր