211652_close_icon
views-count1136 դիտում article-date 19:51 29-05-2019

Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է. նախագահն ընդունել է Բուշ դյու Ռոնի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է: Նա նշանակալի է համարել Մեծ եղեռնից մազապուրծ հայերին Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցությունը դարերի պատմություն ունի՝ նախագահն ընդգծել է, որ այդ ջերմ բարեկամությունը պահպանվում է նաև այսօր, և դրա վկայություններից մեկն էլ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ սերտ փոխգործակցությունն է: Տիկին Վասալը տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք մարզերի հետ հաջողությամբ համագործակցում են տնտեսական, սոցիալական, առողջապահական և մշակութային ոլորտներում, և իր այցի նպատակն է ծանոթանալ ստանձնած հանձնառությունների շրջանակում կատարված աշխատանքներին: Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուշ դյու Ռոնի միջև ձևավորված համագործակցության մակարդակից և հատկապես նշել այդ գործակցության շրջանակում Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի նշանակությունը մարզի բնակչության համար. «Ձեր աջակցությամբ հազարավոր կյանքեր են փրկվում, և մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում այդ նախաձեռնությունը»: Կողմերը կարևորել են Հայաստանի և Բուշ դյու Ռոն դեպարտամենտի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը մասնավորապես առողջապահության, ինչպես նաև գիտահետազոտական, կրթական և մշակութային ոլորտներում: Տիկին Վասալը բարձր է գնահատել Պրովանսի հայ համայնքի դերը այդ տարծաշրջանի զարգացման գործում: «Պրովանսն առանց հայերի Պրովանս չէր լինի»,- ընդգծել է նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր