Արցախի Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը: Օրինագծերի պատրաստության և դրանց շուրջ հանձնաժողովային քննարումների վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Սպասվող նիստի օրակարգի նախագծում ընդգրկվել են 14 օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը և «Վերածնունդ» խմբակցության հարցապնդման քննարկումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 30-ին:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]