211652_close_icon
views-count735 դիտում article-date 10:47 28-05-2019

Առաջին հանրապետությունը, իր պայծառ և ստվերոտ կողմերով, մեր ամբողջ ժողովրդինն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատմությունը, ինչպես հայտնի է, պարուրաձև է՝ իրադարձությունները ժամանակ առ ժամանակ կրկնվում են՝ իհարկե, ոչ ճշգրտորեն, այլ փոփոխված տարբերակներով: Առաջին նախագահի օրոք Դաշնակցությունն արմատական ընդդիմություն էր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այնուհետև կուսակցությունը սկսեց համագործակցել Երկրորդ և Երրորդ նախագահների հետ՝ ժամանակ առ ժամանակ հակադրվելով նրանց: Հիմա պատմության անիվը ևս մի շրջապտույտ է կատարել, և ՀՅԴ-ն կրկին հայտնվեց ընդգծված ընդդիմության շարքերում: Թեև իշխանությունն այդ հարցում «պաշտոնապես» ոչինչ չի հայտարարում, Դաշնակցության վերջերս կազմակերպած հանրահավաքը իշխանական շրջանակների կողմից նյարդային է ընդունվել: (Եթե տեսնում եք Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի նկարը՝ «թռչնի բարձրությունից», որը կոչված է ապացուցելու հանրահավաքի սակավությունը (առաջ նման նկարներ էր հրապարակում ՀՀԿ-ն), ուրեմն իմացեք՝ իշխանությունը դժգոհ է): Դաշնակցության գաղափարախոսությունն ինձ համար խորապես խորթ է: Բայց երբ որևէ դաշնակցական գործիչ որևէ հարցով կարծիք է արտահայտում, իսկ իշխանության ֆանատները դրան հակադարձում են, թե «դու ընդհանրապես իրավունք չունես խոսելու, որովհետև ձեր կուսակցությունը ծախվել էր Քոչարյանին ու Սերժին», դա ինձ համար փաստարկ չէ: Կարծիքների երփներանգը պետք է լինի հնարավորինս բազմազան՝ որքան հարուստ, այնքան լավ պետության համար: Ոչ ոք ոչ մեկի բերանը չպիտի փորձի փակել: Մանավանդ Դաշնակցության պարագայում՝ անկախ մեր անձնական վերաբերմունքից, դա մեր համազգային կառույցներից մեկն է: Այսօր մայիսի 28-ն է։ Խորհրդային Հայաստանում չէին ընդունում այս տոնը, որովհետև կոմունիստները կարծում էին, որ մենք` հայերս, չենք կարող անկախ պետություն ունենալ, և նման ձգտումները մեզ միայն վնաս կբերեն: Այդ տարիներին քարոզչությունն ուղղվում էր Առաջին հանրապետության դեմ, իսկ պատմությունն ակնհայտորեն խեղված էր ներկայացվում։ Երրորդ հանրապետության հիմնադիրները վերականգնեցին 1918-20 թվականների պետական զինանշանը և օրհներգը, և դա գեղեցիկ քայլ էր, «կամար էր գցում» 1918 և 1991 թվականների միջև: Բայց 1990-ականների առաջին կեսին իշխանություն-ՀՅԴ, մեղմ ասած, լարված հարաբերությունները ստվեր էին գցում մայիսի 28-ի և հետագա իրադարձությունների վրա: Պարզ է, որ Առաջին հանրապետությունում էլ ամեն ինչ չէ, որ պայծառ էր՝ մասնավորապես, եղել է ե՛ւ կոռուպցիա, ե՛ւ կամայականություններ, ե՛ւ անարդար ընտրություններ: Բայց Առաջին հանրապետությունը, իր պայծառ և ստվերոտ կողմերով, միայն ՀՅԴ-ինը չէր, մեր ամբողջ ժողովրդինն է: Ինչպեսև Երկրորդ և Երրորդ հանրապետությունները: Ինչպեսև Դաշնակցությունը: Ինչպեսև բոլոր մնացած կուսակցությունները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր