211652_close_icon
views-count3349 դիտում article-date 18:47 13-04-2019

Սիմոն Մարտիրոսյան. Այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/13/1122232/]նվաճելուց[/url] հետո պատմեց տպավորությունների մասին: Աշխարհի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 427 (192+235) կգ արդյունք և 16 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված բելառուս Անդրեյ Արամնաուին: «Եվրոպայի առաջնությունից առաջ դաստակիս վնասվածքը խանգարում էր, սակայն մրցման ժամանակ ամեն բան լավ անցավ, և այդ ցավը զգալ չտվեց: Գուցե ադրենալինն ու նպատակասլացությունը թույլ չտվեցին զգալ ցավը: Ավելի բարձր քաշերը թողել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է շատ մարզվել: Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո պետք չէ թերագնահատել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, քանի որ ամեն ինչն էլ ունի իր տեղը: Զգացողություններն անկրկնելի են: Պետք է շարունակեմ աշխատել: Մրցակցության մասին կասեմ, որ հաղթանակը հեշտ տրվեց ինձ: Ինքներդ տեսաք, որ կարող էի նույնիսկ չգալ հրում վարժության երկրորդ մոտեցմանը: Կատարեցի երկրորդ մոտեցումը, որպեսզի ապացուցեմ մրցակիցներիս, որ կարող եմ գերազանցել նրանց ցանկացած արդյունք և թույլ չտվեցի մտածել, որ կարող են հաղթել ինձ: Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է, այն մարդկանցը, ովքեր ունեն ներդրում՝ ծնողներս, մարզիչներս և պարոն Գագիկ Ծառուկյանը: Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին և կասեմ, որ սպասեն նորանոր հաղթանակների: Մարզադահլիճում երկրպագուական աջակցությունը շատ է ոգևորում»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալներ էր նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 435 (195+ 240) կգ արդյունքով և սահմանել աշխարհի ռեկորդ: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում: Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր