211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:16 13-05-2019

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը մատուցել է եպիսկոպոսական ուխտի Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում եպիսկոպոսական ուխտի Պատարագ մատուցեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը, ով նախորդ օրը ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի արժանացել էր եպիսկոպոսական ձեռնադրությանն ու օծմանը: Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավոր հայորդիներ: Դանիել Սրբազանն իր քարոզում մասնավորապես նշեց, որ եպիսկոպոսական կոչումն արտակարգ պատիվ է և միևնույն ժամանակ բացառիկ ծանր լուծ և պարտականություն` լինելու հոգևոր տեսուչը թեմում ծառայող հոգևորականների և հովիվը Տիրոջից իրեն վստահված հոտի: Սրբազանը, անդրադառնալով հոգևորականի կոչման և Աստծո կողմից ընտրված լինելու գաղափարին, ընդգծեց, որ ամեն օր պիտի հաստատի իր ընտրությունն Աստծուց, ամեն օր, ամեն ժամ պետք է գործադրի և գիտակցի այդ կարևոր կոչումը, որպեսզի կարողանա աստվածահաճո իր առաքելությունը հաջողել: «…Սակայն, սիրելիներ, ես միակը չեմ, որ նոր կոչում ունեմ, միակը չեմ, որ ընտրվել եմ Աստծու կողմից: Ամեն մեկը կոչում ունի, ամեն մեկն ընտրված է Աստծու կողմից, ամեն անձ, որ մկրտության ավազանի մեջ կնքվել է, արդեն ընտրված է Աստծու կոմից: Այդ անձն այդ վայրկյանից հատուկ կոչում ունի իր այս երկրավոր կյանքի մեջ, որովհետև մկրտության խորհրդով է, որ Հիսուս իբրև հայր, մեզ ասում է՝ դու ես իմ սիրեցյալ զավակը, դու իմ ժառանգորդն ես, դու օծյալ ես, դու քրիստոնյա ես և մեր մկրտության ժամանակ Աստված վկայում է` ասելով՝ ես կուզեմ, որ դու ինձ հետ լինես միշտ և հավիտենապես: Ահավասիկ, ինչ մեծ կոչում է սա: …Ահավասիկ, դուք էլ ինձ հետ պետք է հաստատեք այդ կոչումը, պետք է հաստատեք այդ ընտրված լինելը, պետք է հիշեք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, որ դու ընտրված ես, որ դու կոչում ունես հետևելու մեր Տիրոջը, ժառանգելու այն խոստացած բարիքները, որ կան մեր առջև», - ասաց Դանիել եպիսկոպոսը: Սրբազանը խոսեց նաև վտանգների մասին` ընդգծելով, որ անձը կսայթաքի, կձախողի և կընկնի մեղքի մեջ, եթե մոռանա իր ընտրված լինելը, իր պատկանելիությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Աստծու զավակ լինելը: «Եվ ի՞նչ է մեղքը, եթե ոչ մոռանալ, թե ո՛վ ենք մենք, ո՛վ ենք մենք որպես զավակները Հայ Եկեղեցու՝ սրբալույս Մյուռոնով օծված քրիստոնյաները», - հաստատեց պատարագիչ Սրբազանը: Վերջում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը հավատավոր հայորդիներին հորդորեց հավատարիմ մնալ Աստծու կողմից ընտրված լինելու կոչմանը` սրբազան Պատարագի արարողությանը մասնակցելով, Քրիստոսի կենդանարար Մարմնին ու Արյանը հաղորդվելով, անձնազոհ ծառայություն բերելով, իր նմաններին օգնության ձեռք մեկնելով, կարիքավորներին ու հիվանդներին խնամելով: Ս. Պատարագի ավարտին ուխտավորները մեկ անգամ ևս հնարավություն ունեցան շնորհավորելու Սրբազան Հորը եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով ու ստանալու նրա հայրական օրհնությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր