211652_close_icon
views-count1315 դիտում article-date 15:43 07-05-2019

«Լուսավոր Հայաստան»-ը շարունակում է համաձայն չլինել կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի հետ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դարձյալ համաձայն չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: «[url=https://armenpress.am/arm/news/973911.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Ուժային կառույցներին խորհրդարանական վերահսկողության դաշտ չբերելու ձեր արդարացումները ձախողվեցին: Սահմանադրությունը հստակ որոշում է, թե ովքեր են խորհրդարանական վերահսկողության դաշտում: Ընդդիմության առաջարկների ընդունման ձեր նոր մշակույթը ողջունելի է, բայց այն կարծես դեռ կաղում է»,- ասաց Սամսոնյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ դիմում-նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ուշադրություն սևեռել հատկապես Մշակույթի նախարարությունը որևէ այլ գերատեսչության չմիավորելու հանգամանքի վրա: «Մշակութային քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի մեկ կառույցի, այլ ոչ թե միավորված կառույցի կողմից»,- նշեց Կոստանյանը: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ երկիրը պետք է ունենա գյուղատնտեսության նախարարություն, որը ՀՆԱ-ի 16 տոկոսն է գեներացնում: Իսկ ԱԱԾ-ն պետք է դառն նախարարություն, չպետք է ունենա քննչական մարմին և պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո: Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Նմանատիպ նյութեր