ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքի փոփոխությունների օրինագծին
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ ևս դեմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններին: «[url=https://armenpress.am/arm/news/973914.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված օրենքի այս նախագծին»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ Մշակույթի նախարարությունը Կրթության և գիտության, Սպորտի նախարարության հետ միացնելու մեջ տրամաբանություն չի տեսնում:
Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: