211652_close_icon
views-count1175 դիտում article-date 14:59 07-05-2019

Տիգրան Խաչատրյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։ «Միշտ կարևորում ենք այն ուղղությունները, որոնք նպաստում են տնտեսությունում ներառականության աճին, և ԱՄՆ-ի հետ իրականացվող ծրագրերը հենց նման կարողությունների զարգացմանն են ուղղված։ Շատ ողջունելի է, որ առաջիկա աջակցության ծրագրերը թիրախավորելու են ենթակառուցվածքների զարգացումը և ՓՄՁ աջակցությանը», - ողջունելով հյուրերին, ասել է նախարար Խաչատրյանը։ ԱՄՆ պատվիրակության խնդրանքով նա ներկայացրել է տնտեսական նոր իրողությունները, որ հաստատվել են Հայաստանում։ Տնտեսական հետագա զարգացման հիմքերի առողջացման տեսանկյունից նախարարը կարևորել է հավասար մրցակցությունը, շուկաներում մուտքի ազատությունը և կոռուպցիայի բացառումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քաղաքական կամքը այդ նպատակաների հարցում կասկածից վեր է։ Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության ծրագրային նպատակներին՝ կարևորելով տնտեսական աճի բևեռների վերադասավորումը։ «Երբ մենք խոսում ենք ներառական աճի մասին, նկատի ունեք միջնաժամկետ հատվածում տնտեսության այնպիսի կառուցվածքային փոփոխությունը, որը պետք է մասնակիցների միջև ավելի բաշխված դարձնի տնտեսական արդյունքները, որը պետք է անդրադառնա նաև արտահանման, ապրանքների շուկաների վրա։ «Արտահանումը շարունակելու է մնալ մեր տնտեսության հիմնական առանցքը, և շատ կարևոր է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև տնտեսական երկխոսության հիմնական հարցերից մեկը արտաքին առևտրի խնդիրներն են։ Առևտրային ընթացակարգերը լավագույն առաջադեմ փորձին համապատասխանեցնելով, կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել», - նշել է նախարարը։ ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլը շնորհակալություն է հայտնել նախարարին խնդիրների համապարփակ ներկայացման համար և ուղղել նրան առանձին ուղղություններին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը, քննարկել նաև այս համատեքստում կրթական խնդիրներ։ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Եվրասիայի առևտրային հարցերով նախարար-խորհրդական Մայքլ Լալլին անդրադարձել է առևտրային համագործակցության հարցերին, ինչպես նաև կարևորել Հայաստանում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ կողմից տրվող աջակցությանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր