Լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը այցելել է ՀՀ դեսպանություն
Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն այցելեց լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahreddin), ով հանդիսանում է Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Սալեհ Զահրեդդինին իր նվիրական և մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և պատմագրության շրջանակներում: Դեսպան Աթաբեկյանն իր խոսքում ավելացրեց, որ հայ ժողովուրդը հիրավի երախտապարտ է Լիբանանին՝ արաբական աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծեցին Անկարայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունների, համամարդկային արժեքների ոտնահարման և պատմական փաստերի խեղաթյուրման և աղավաղման անընդունելիությունը: