211652_close_icon
views-count17959 դիտում article-date 00:00 02-05-2019

«Պա՛պ, ես այստեղ եմ Հայրենիքս պաշտպանելու համար, ոչ թե կյանքս, ինչ էլ լինի, թշնամին իմ թիկունքը չի տեսնի». Hayzinvor.am

[url=http://www.hayzinvor.am/53870.html?fbclid=IwAR37yewXfGZKKSzJxCFDPXiLYgw3PVnf9vOM2qNmVaROJO_2zdlRvtOPURw]Hayzinvor.am[/url]-ը գրում է. [b]Ես որոշել էի հարցազրույց անել թիվ 116 դիրքը պաշտպանելիս քաջաբար զոհված հերոսներից մեկի` Անդրանիկ Զոհրաբյանի հոր` Ատոմ Զոհրաբյանի հետ, հարցեր էի պատրաստել: Սակայն նույնիսկ առաջին հարցը տալու անհրաժեշտություն չեղավ. ափեափ լցված սրտից, մտքից, հոգուց բառերն ու հույզերը, հիշողություններն ու պատկերները հոսեցին անճիգ ու անարգել: Ես ունկնդիր էի, հանդիսատես, վկա… մեծ սիրո, մեծ ցավի, մեծ հպարտության…[/b] Երբ հիշում եմ տղայիս մանկությունը, միշտ մի պատկեր է արթնանում: …Մայիսի 9-ը կարմիրով էր գրված մեր ընտանեկան տոնացույցում: Դա հորս օրն էր եւ ավելի հարազատ էր նրան, քան սեփական ծննդյան օրը: Հայրս հագնում էր տոնական կոստյումը, կախում Հայրենական պատերազմից մնացած մեդալները, ամենատեսանելի տեղում` Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանը, ապա` «Արիության» մեդալը, բազմում էր տոնական սեղանի գլխին ու լսում իրեն ուղղված շռայլ մեծարանքներն ու բաժակաճառերը: Հետո ինքն էր սկսում խոսել: Նույն բանը առաջին անգամվա ոգեւորությամբ, հուզմունքով ու ներշնչանքով պատմում էր ամեն տարի: Երբ Անդրանիկ պապն սկսում էր խոսել, փոքրիկ Անդրանիկը վազում էր, կանգնում սեղանի կողքին ու վառվռուն սեւ աչքերը հառած պապին՝ լսում ամենայն ուշադրությամբ: Այդ պատկերն աչքիս առաջ է: Իսկ հայրս մեր ընտանիքի փառքի պատմությունն սկսում էր ամենասկզբից՝ թե ինչպես Զոհրաբ մեծ պապը, որը տան միակ տղամարդն էր, համարձակվում է մերժել գեղեցկուհի հորաքրոջը պարսիկ շահին կնության տալու խնդրանքը: Եվ երբ շահի մարդիկ փախցնում են հորաքրոջը, չքնաղ Խանումին ազատելու մի քանի անհաջող փորձերից հետո ընտանիքն առնում, հեռանում է Պարսկաստանից: Տարիներ անց շահը իր սիրելի հայուհի կնոջ խնդրանքով գտնում է Զոհրաբին, մեծամեծ նվերներ է տալիս ու խնդրում վերադառնալ Պարսկաստան: Զոհրաբ մեծ պապը մնում է անդրդվելի ու չի ներում շահին: Ի՞նչ էր հասկանում 4-5 տարեկան տղաս այս պատմությունից, որ լսում էր հոնքերը կիտած ու մտազբաղ: Հետո հայրս սկսում էր պատմել Հայրենական պատերազմում անհետ կորած մեր Նահապետ պապի մասին: Ցույց էր տալիս փոքրիկ դաշույնը, որը Անդրանիկ Զորավարն անձամբ էր նվիրել Նահապետին` ի նշան սիրո ու հարգանքի: Հայրս գրկում էր թոռանն ու ասում. -Հայրս ինձ Անդրանիկ է կոչել Զորավարի անունով: Ես էլ իմ պատիվը քեզ եմ փոխանցել: Ու Անդրանիկ անունը եկել-հասել է քեզ: Հետո հայրս թոռանը ծնկներին նստեցրած՝ հիշում էր իր պատերազմական սխրանքները. «Բոլոր հրամանատարներս զոհվեցին, ու ջոկը ղեկավարելու պարտականությունը մնաց ինձ: Գոռացի՝ «իմ հետեւից` հանուն հայրենիքի», ու նետվեցի առաջ: Վիրավորվեցի, ընկա, բայց շարունակեցի կռվել, ու դիրքը ազատագրեցինք: Եթե Մոսկվայի մատույցներում այդ բարձունքը մնար ֆաշիստների ձեռքը…»: Անդրանիկս շատ աշխույժ երեխա էր, մի վայրկյան դադար չուներ, բայց ժամերով անշարժ լսում էր պապին: Իսկ երբ հայրս ցույց էր տալիս մարմնի մեջ խրված բեկորները, թոռն իր փոքրիկ մատով զգուշորեն շոշափում էր նրա մաշկի տակից ցցված ուռուցիկ երկաթը ու այնպիսի հիացմունքով էր նայում պապին: Ո՞վ կմտածեր, որ մի օր հորս Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի կողքին դրվելու է տղայիս «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը: Ու նա գերազանցելու է պապին: Անդրանիկս արտաքուստ խաղաղ, հանդուրժող, փափուկ տղա էր, բայց իրականում` շատ սկզբունքային էր, համառ, ազդեցության չենթարկվող: Մանկուց ֆուտբոլ էր խաղում: Մրցումների ժամանակ մարզիչներից մեկը նկատել էր տղայիս օժտվածությունը ու Երեւանում մարզելու առաջարկ էր արել: Փոքր տղա` մենակ Վեդիից հասնում էր Երեւան` Ավան թաղամաս, ու ֆուտբոլ էր պարապում: Թիմի հետ շրջում էր քաղաքից քաղաք, մարզից մարզ: Հասցնում էր նաեւ դասերը սովորել: Հետո մեր հորդորով ընդունվեց Եվրոպական քոլեջ` հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտությամբ: Այնքան բարձր գնահատականներով ավարտեց քոլեջը, որ հրավիրեցին սովորելու Եվրոպական ակադեմիայի երկրորդ կուրսում: Բայց ինքն ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ: Ասաց. «Պա՛պ, ուզում եմ Վեդիում երեխաներին մարզեմ, էնքան օժտված փոքրիկներ կան»: Տղաս մեծ ծրագրեր ուներ, բայց չէր խոսում այդ մասին, երազանքներն իր սրտում էր պահում: Մինչեւ բանակ գնալը հասցրեց նաեւ խոհարարություն սովորել: Անդրանիկի բանակի քեֆը մեր գյուղում արեցինք` Ուրծաձորում, հորաքրոջս տղայի՝ Ջիվանի ծիրանի այգում: Խոստացանք, որ տղայիս վերադարձի քեֆն էլ ենք նույն այգում անելու: Ու հիմա Ջիվանը հուշաքար է դրել այդտեղ՝ ի հիշատակ 116 դիրքում զոհված մեր չորս տղաների` Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի: Անցյալ տարի նույն օրը մենք հավաքվեցինք հուշաքարի մոտ ու խնկեցինք մեր զավակների փառավոր հիշատակը: Տղայիս ժպիտն եմ հիշում, երբ երդման արարողության ժամանակ հայացքով փնտրեց-փնտրեց ու վերջապես գտավ մեզ բազմամարդ ամբոխի մեջ: Ասես դեմքին լույս վառեցին: Իր ծննդյան օրը մեզ հետ նշեց մի քանի ընկերների հետ: Մայրը ինչքան էլ խաչաձեւ հարցեր տվեց, որ իմանա` արդյոք ադրբեջանցիները մո՞տ են, կրակո՞ւմ են, չկարողացավ ոչ մի բառ կորզել զինվորի շուրթերից. «Ի՞նչ մոտ, այ մամ, ադրբեջանցիները՝ որտեղ, մենք՝ որտեղ»: Ո՞նց էր ուրախացել, երբ «ՊԿ» էին տվել իրեն: Եթե մի ժամանակ հպարտությամբ ասում էր` ես պոստ պահող տղա եմ, հետո` «ես ՊԿ-իստ եմ» ասում էր: -Պա՛պ, տուն ենք գնացել, գործի ենք ես ու ախպերս,- ասում էր հեռախոսով: …Տունը դիրքն էր, գործը՝ մարտական հերթապահությունը, ախպերն էլ` «ՊԿ»-ն: Չէր ուզում պոստերից իջնել: Ասում էր` պա՛պ, պոստերում ամեն ինչ ուրիշ է՝ ընկերությունն էլ, խիզախությունն էլ, նվիրումն էլ: Ամեն ինչ մաքուր է, ազնիվ, բարձր: …Ապրիլի 2-ին աշխատավայրում մարդիկ տարօրինակ հարցեր էին տալիս: Ես դեղագործ եմ, պոլիկլինիկայում եմ աշխատում, ու բժիշկները խոսքները մեկ արած Անդրանիկից էին հարցնում: Բայց մտքովս վատ բան չանցավ: Երբեք չեմ մտածել, թե կարող է տղայիս գնդակ դիպչել: Չգիտեմ ինչու, բայց վստահ էի, որ նա ողջ-առողջ տուն է վերադառնալու բանակից: Ապրիլի 3-ի առավոտյան սիրտս արտասովոր անհանգիստ էր: Կնոջս ու աղջիկներիս ասացի` հագնվե՛ք, գնում ենք եկեղեցի՝ Անդրանիկի ու նրա ընկերների համար աղոթելու: Դեռ տնից դուրս չէինք եկել, զանգեցին: Մի տղա էր: Ասաց` հորեղբա՛յր, ես Անդրանիկի ընկերն եմ: Նրանց դիրքի վրա հարձակում է եղել: Ասաց` քեզ պինդ պահի… Երբ գիտակցության եկա, տունը լիքն էր մարդկանցով… Մանրամասներն՝ [url=http://www.hayzinvor.am/53870.html?fbclid=IwAR37yewXfGZKKSzJxCFDPXiLYgw3PVnf9vOM2qNmVaROJO_2zdlRvtOPURw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր