211652_close_icon
views-count110012 դիտում article-date 13:55 27-04-2019

Ծնունդդ շնորհավո՛ր, հերոս. Քյարամ Սլոյանի ծննդավայրում բացվեց նրա ու մյուս՝ լեգենդ դարձած տղաների անվան հուշարձան. լեգենդար հրամանատարի մայրը տեղում ծառատունկ կատարեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Ապրիլյան պատերազմի իսկական հերոս, պատերազմի առաջին զոհերից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Հերոսի ծննդավայր Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-միջոցառում, որտեղ դպրոցի սաները կենդանի երգ-երաժշտությամբ ու ասմունքով հիշեցին ու մեծարեցին ոչ միայն Ք. Սլոյանին, այլև մյուս հերոս ու արդեն լեգենդ դարձած տղաներին՝ Արմենակ Ուրֆանյանին, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և մյուսներին։ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը, դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը, ովքեր իրենց խոսքում շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ուղղեցին հերոսների մայրերին։ Միջոցառումից հետո գյուղի սկզբնամասում բացվեց հուշարձան, որն օծեց Արագածոտնի մարզի Սաղմոսավանի և Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, որից հետո ելույթներով հանդես եկան Արցախյան պատերազմի ու Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեղում Քառօրյա պատերազմի հերոս, լեգենդ դարձած Արմենակ Ուրֆանյանի մայրը 4 հերոսների անունով հուշարձանի կողքին ծառատունկ կատարեց։ Այնուհետև տեղի ունեցավ Արտաշավան գյուղի՝ Քյարամ Սլոյանի անվան թաղամասի ցուցատախտակի բացումը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Քյարամ Սլոյանի ծննդյան օրը հիշելու և մյուս՝ լեգենդ դարձած հերոսների պատվին այսօր տեղի ունեցած միջոցառմանը, ցավոք. չէին մասնակցում Արագածոտնի մարզպետարանի և ոչ մի չինովնիկ։ Իսկ հավաքվածներն էլ ասում էին. «Քյարամն ու նրա նման հերոսները էդ չինովնիկների համար չեն իրենց կյանքը զոհել, նրանք գիտակցված մահի են գնացել իրենց ընտանիքների, հարազատների, հասարակ ժողովրդի համար։ Իսկ էս կարգի չինովնիկները կաբինետից այն կողմ ոչինչ չեն տեսնում»։ [b]Քյարամ Սլոյանի կենսագրությունը [/b] Մեր ժամանակի հերոս Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանն առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ եւ անցել ծառայության Արցախի Հանրապետությունում: Ք. Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։ Նա ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծին՝ Մարտակերտում: 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հարձակում են գործում Արցախի Հանրապետության ուղղությամբ: Չորս օր տեւած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային եւ տեխնիկական կորուստներ։ Հայկական կողմի կորուստների մեջ էր նաեւ ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանը։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ՝ զինծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ հետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտպանական մարտը։ Շարքային Քյարամ Սլոյանը մահացու վիրավորել է, երբ սպառվել են փամփուշտները, ինչից հետո փորձել է կրակի գծից դուրս բերել ծանր վիրավորված հրամանատարին։ Բազմաթիվ վիրավորումներից եւ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հետ բռնված մերձամարտից հետո, սպանվել է, ենթարկվել խոշտանգումների եւ գլխատվել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 435+
435+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր