211652_close_icon
views-count51445 դիտում article-date 16:14 29-08-2021

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած..». Երևանում բացվեց արդեն լեգենդ դարձած հերոս Գևորգ Ջավախյանի անվան պուրակ, հուշաղբյուր և խաչքար. ներկա էին բազմաթիվ լեգենդ ու հերոս դարձած զինվորների ծնողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցունքոտ աչքեր, հուզմունքից կիսատ մնացած խոսքեր, հատուկենտ ծափեր ու հաճախ լսվող՝ ափսոս, հազար ափսոս։

Այսօր՝ օգոստոսի  28-ին Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 56 հասցեում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված 44- օրյա պատերազմի հերոս Գևորգ Գրիգորի Ջավախյանի հիշատակին, բացվեց  հերոս Գևորգի անունով պուրակ, հուշաղբյուր և խաչքար։

«Այս այգին, հուշաքարը պետք է մեզ, մեր ապագա սերունդներին այստեղով անցնելուց, այգում նստելուց հիշեցնեն՝  Գևորգի և նրա սերնդակից տղաների շնորհիվ մենք ապրում ենք, մենք հայրենիք ունենք։ Այո, մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,- ասաց Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդան։

Օրը պատահական չէր ընտրված. հենց այդ օրը լրացավ Գևորգի մահվան 10 ամիսը...

Երեկոյի ընթացքում հիշեցին բոլորի կողմից սիրված Գևի չարաճճիությունները, հումորները, նրա հաջողություններն ու հազար անգամ ափսոս ասացին... նրա կյանքն անավարտ մնաց։

Պատմում են.

Գևորգը նստում է երթուղային, պտտվում ու հետևի նստածին ասում՝ կներեք, որ մեջքով եմ նստած։

Մի պահ միջոցառմանը ներկա բոլորի դեպքին ժպիտ երևաց, որը սակայն վայրկյանների ընթացքում կրկին վերածվեց արցունքի։

Գևորգը եղել է բակի ու դպրոցի ամենագեղեցիկ տղան։

Կրկին պատմում են.

Երբ ուշացած ներս է մտնում դասասենյակ ու պետք է ուսուցիչը բարկանա նրա վրա, միանգամից ասում է՝ «ընկեր Սարգսյան, ո՞վ է դասարանի ամենասիրուն տղան»։ Բոլորը բարձրաձայն ասում են՝ «իհարկե, դու ես»։

Սիրուն տղա, լուսավոր տղա, կապուտաչյա տղա... Արդեն՝ հերոս։

Վերջերս կայացել է Գևորգին նվիրված «Լուսավոր տղա» երգի ու տեսահոլովի պրեմիերան՝ Արամ MP3-ի կատարմամբ։

Միջոցառման վերջում հնչեց «Լուսավոր տղա»-ն... Լուսավոր տղա՝ բոլորի հիշողության մեջ Գևորգն այդպես կմնա։ Նա միշտ  ներկա կլինի՝ նույն բակում, նույն դպրոցում, Ջավախյանների, ընկերների  ու ծանոթների կյանքում։ Արդեն նաև անծանոթների։

Հուշ-երեկոյին ներկա էին զոհված զինծառայողների մայրերը՝ իրենց որդիների նկարները ձեռքներին։ Մի ողջ սերունդ, որն արդեն չկա։ Բայց նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեզ՝ կյանք տվին կյանքի հանուն։

Բոլորն են դա հասկանում, նրանց ծնողներն են դա հասկանում, սակայն շատ բարդ է հասկանալ, համակերպվել, որ իրենց զավակներն այլևս իրենց հետ չեն։ Այդ ամենը «դաջված» է նրանց դեմքին։

Սևազգեստ մայրեր՝ վերնաշապիկներին՝ որդիների նկարները։ Կարծես այդպես մշտապես զգում են նրանց ներկայությունը, մշտապես որդիների հետ են։

«Մենք երբեք չպետք է մոռանանք այդ լուսավոր տղաներին, որոնք հանուն մեզ զոհվեցին։ Այսօր ձեր զավակները միասին են։ Տարիներ կանցնեն, նոր սերունդներ կգան, բայց անմոռաց կմնա Գևորգի և նրա ընկերների սխրանքը»,- ասաց Սեդան՝ դիմելով իր և զոհված զինծառայողների մայրերին:

Գևորգն այս տարվա մայիսին 3-ին նոր կդառնար 20 տարեկան։ Բանակ գնալուց մեկ օր առաջ ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ միայն ասել՝ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»:

Այսօր նա շատ բարձր է, նրա անունը հերոսների շարքում է։

Գևորգը բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։

2020 թվականի սեպտեմբերի 27։ Շատ ընտանիքների համար կյանքի դաժանագույն օրը։  Պատերազմ...

Գևորգը վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, մորը խոստացել էր, որ առավոտյան կզանգի, սակայն զանգ այդպես էլ չեն ստացել։

Հոկտեմբերի 25-ին Գևորգի քրոջը՝ Սեդայինզանգել է ծանոթներից մեկն ու ասել, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխում են Երևան։ Գևորգը նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին վիրավորվել էր:

Տարբեր հիվանդանոցներում փնտրելուց  հետո ի վերջո տղային գտնում են։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով քույր չի ճանաչում եղբորը, իսկ մայրն անմիջապես ճանաչում է որդուն։ Սակայն Գևորգի կյանքը փրկել չի հաջողվել։ Հոկտեմբերի 28-ին սիրտը կանգ է առնում:

Ծնողները որդու զոհվելուց հետո են իմանում, որ տանկիստների գումարտակը իրականացրել է հատուկ գործողություններ։ Տանկի նշանառու օպերատոր Գևորգը մարտի դաշտում հերոսական պայքար է մղել թշնամու դեմ։ Հոկտեմբերի 20-ից հետո նրա տանկը հայտնվել է թշնամու դիտակետում, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին, ժամը 23:30-ին, թշնամու ԱԹՍ-ն հարված է հասցրել տանկին, որն այդ պահին որևէ գործողության մեջ չի լինում։ Տանկի կողքին կանգնած են լինում Գևորգն ու զինակից ընկերները։ Հարվածից հետո զինվորներից մեկը տեղում զոհվում է, իսկ Գևորգն ու մեկ այլ զինվոր ծանր վիրավորվում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 564+
564+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր