1383 դիտում
10:47 25-04-2019
Քանդող և կառուցող բրիգադներ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հույս կա, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործն իսկապես օբյեկտիվորեն է քննվելու: Անձամբ ես չեմ հավատում, որ Դավիթն ընդունակ է անպարկեշտ արարքների՝ իմ ընկալմամբ, դա հակասում է տվյալ մարդաբանական տեսակին: Ուրիշ հարց, որ նրան, ինչպես և բոլոր հեղափոխականներին, հատուկ են ծայրահեղական, բոլշևիկյան դրսևորումներ: Եվ կարծում եմ նրա շուրջը ծավալվող իրադարձությունների բուն պատճառը հենց դա է:
Ցանկացած հեղափոխության հաղթանակից հետո հեղափոխություն իրականացրած թիմը գրեթե ամբողջությամբ տեղափոխվում է իշխանական պալատներ, պետական համակարգ՝ դա նորմալ է: Սակայն օրինաչափ է նաև, որ ոչ բոլորն են այնտեղ մնում: Ամիսների, երբեմն տարիների ընթացքում հաղթած թիմը բաժանվում է երկու մասի՝ նրանց, ովքեր շարունակում են մտածել և գործել հեղափոխության կատեգորիաներով և նրանց, ովքեր ունեն համակարգային, պետական մտածելակերպ: Վաղ թե ուշ առաջինները ստիպված են լինում թողնել պետական ասպարեզը:
Տրոցկին կամ Չե Գևարան չէին կարող երկար ժամանակ պետական պաշտոններ զբաղեցնել՝ անկախ նրանից, թե ինչ անձնական կամ գաղափարական հակասություններ ունեին հաղթական հեղափոխություն իրականացրած իրենց երկրների առաջին դեմքերի հետ: Նրանք, այսպես ասած, «քանդող բրիգադից» էին, որը որոշակի պատմական ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ է, բայց առօրյա պետական կյանքում որևէ գործառույթ չունի և անգամ կարող է խանգարել:
Սաակաշվիլին չէր կարող աշխատել Օդեսայի նահանգապետ: Գնալ օլիգարխների դղյակների մոտ և գոռգոռալ, թե՝ հիմա ձեր դղյակը ձեզնից կխլեմ՝ դա գուցե և ամբոխահաճո գործելակերպ է, բայց կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր չի լուծում: Երբ նրա և Ավագովի միջև հակասություններ ծագեցին, շատ բնական է, որ այն ժամանակվա նախագահ Պորոշենկոն կանգնեց պետական, համակարգային մտածելակերպ ունեցող Ավագովի կողքին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Սաակաշվիլին բացասական կերպար է: Ամենևին ոչ. Վրաստանի նախկին նախագահն իմ համար մեծություն է՝ ոչ միայն որպես բարեփոխումներ իրականացրած գործիչ, այլ, առաջին հերթին, որպես մի ղեկավար, որը պարտվելով ընտրություններում, խաղաղ հեռացավ իշխանությունից: (Նույնը Ուկրաինայում արեցին Յուշչենկոն և Պորոշենկոն, իսկ Հայաստանում նման քայլ կատարած ղեկավար առայժմ չի եղել):
Նույն օրինաչափությունը գործում է նաև ներկայիս Հայաստանում: Աշոտ Մանուչարյանն, օրինակ, չէր կարող մնալ պետական համակարգում՝ դա կրկնեմ, հեղափոխականի տեղը չի: Ի դեպ, երբ 1990 թվականի հետհեղափոխական Գերագույն խորհրդում քննարկվում էր պաշտոնյաներից մեկի հավակնորդի թեկնածությունը, պատգամավոր Աշոտ Ոսկանյանն այդ թեկնածությունը մերժեց հետևյալ փաստարկով. «Հրաշալի անձնավորություն է, բայց հեղափոխական է»»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2891 դիտում
08:48 10-02-2015
Շարքային քաղաքացին հնարավորություն չունի նման «ծեծող բրիգադներ» պահելու. Առավոտ. խմբագրական
30893 դիտում
10:25 19-01-2014
Խոշոր հրդեհ` Երևանում, ժամանել էին շտապօգնության և հրշեջ ծառայության մի քանի բրիգադներ. կան վիրավորներ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»