211652_close_icon
views-count7597 դիտում article-date 17:42 23-04-2019

Գագիկ Ծառուկյանն ընդունել է ԵԱ-ի չեմպիոններին ու մրցանակակիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն «Օլիմպավանում» ընդունել է օրեր առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, հավաքականների գլխավոր մարզիչներին ու թիմերի անդամներին: ՀԱՕԿ նախագահն անդրադարձավ հայ մարզիկների ելույթներին Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, Բաթումիում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում եւ լեհական Շեցինում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ արդյունքները լավն են, սակայն ձգտելու և ավելացնելու տեղ կա: Անդրադառնալով հունահառոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ցույց տված արդյուքներին, նա նշեց. «Մենք ձեզանից սպաում ենք միայն ոսկե մեդալներ: Ճիշտ է, բրոնզե մեդալը նույնպես վատ արդյունք չէ, բայց դուք պետք է ավելի լավ արդյունքներ գրանցեիք: Արսեն Ջուլֆալակյանի ցույց տված արդյունքից եմ շատ ուրախացել, դա ինձ համար ոսկու արժեք ուներ, քանի որ նա այդքան զբաղվածության հետ միասին կարողանում է բարձր մակարդակով հանդես գալ, նաև պետք է հաշվի առնենք նրա տարիքը»: ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ շատ ուրախ է Արսեն Ջուլֆալակյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու կապակցությամբ, քանի որ վերջինս անդրադառնում է մարզաշխարհի խնդիրներին, փորձում լուծումներ գտնել: Խոսելով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի մասին՝ Գագիկ Ծառուկյանը շատ բարձր գնահատեց 19-ամյա ըմբիշի նվաճումը. «Զարմանալ կարելի է՝ ինչպես այս տարիքում այդպես տղամարդավարի գոտեմարտեցիր, երբ պարտվում էիր 0:8 հաշվով, հետ բերեցիր ու դարձար չեմպիոն՝ ամբողջ աշխարհին ցույց տալով մեր ուժը: Ամբողջ աշխարհը նայում եւ հիանում էր քեզանով»: Ծանրամարտի հավաքականի ցույց տված արդյունքը ՀԱՕԿ նախագահը գնահատեց գերազանց և նշեց, որ ծանրորդներից նույնպես սպասելիքները շատ մեծ են: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ կշռման արարողությունը ձախողած Անդրանիկ Կարապետյանին՝ նշելով, որ հայ ծանրորոդը տաղանդավոր և կարող ուժ է, բայց անհաջողությունները հետապնդում են նրան. «Անդրանիկ ջան, գուցե եկեղեցի գնաս»,- ժպտալով ասաց ՀԱՕԿ նախագահը: Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ լավ էր պատրաստվել այս առաջնությանը, պարզապես, իրոք, անհաջողություն եղավ, իսկ եկեղեցի արդեն գնացել է: Գագիկ Ծառուկյանը բարձր գնահատեց նաև հայ մարմնամարզիկների ելույթը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում, որտեղ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում: Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին պատշաճ ներկայանալու համար: «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձեւերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- խոսքը եզրափակեց ՀԱՕԿ նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր