211652_close_icon
views-count791 դիտում article-date 15:44 18-04-2019

«Հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների» չորրորդ համագումարին ներակայացվեցին ոլորտի արդի խնդիրները

«Հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների» (ՀՀՄԲՄ) չորրորդ համագումարն այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մի հարկի տակ է համախմբել տեղական ու միջազգային փորձագետներին՝ այս ոլորտում իրենց ձեռքբերումներն ու տեսակետները ներկայացնելու համար: Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը բացման խոսքում նշեց, որ այս դաշտի խնդիրներն արդիական են և առողջապահական մարտահրավերների կարևոր մասն են կազմում: «Հայաստանում մենք պետք է պատրաստենք այնպիսի բժիշկներ, ովքեր այս բնագավառում նեղ մասնագիտացում անցնելուց հետո, կկրթեն ու օրինակ կծառայեն ապագա բժիշկներին: ԵՊԲՀ-ն այսօր պատրաստ է տրամադրել այդ գիտական ու կրթական հարթակները»,- պրոռեկտորը համագումարի մասնակիցներին արդյունավետ աշխատանքային օր մաղթելով՝ ցանկություն հայտնեց, որ թիրախավորվեն և բարձրացվեն ոլորտի այն խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Արմեն Համբարձումյանը պատմական ակնարկ կատարելով՝ անդրադարձավ ամբիոնի ստեղծմանն ու համաճարակաբանների դերին: «Համաճարակաբանների կարիքն ու դերը բժշկության մեջ մեծ է՝ կապված նոր ու հին ինֆեկցիաների, միգրացիոն պրոցեսների, պատերազմների հետ, որոնք բերում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածման ու փոխանցման՝ առաջացնելով համաճարակային թողտվություն»,- նշեց ամբիոնի վարիչն՝ ավելացնելով, որ համագումարին ներկայացված է 15 զեկույց, որոնց հիմնական ուղղություններն են՝ հակաբիոտիկներ և հակաբիոտիկակայունություն, կլինիկական մանրէաբանություն և վարակիչ հիվանդություններ, առողջապահության հետ առնչվող և արտահիվանդանոցային վարակներ, հակամանրէային կայունությունը առողջապահական համակարգից դուրս` ներկայիս մարտահրավերները, մանրէային էվոլյուցիա, հանրային առողջապահություն և համաճարակաբանություն, ապացուցողական բժշկություն և պատվաստանյութեր: Համագումարի նպատակն է՝ ներկայացնել ընդլայնվող գիտելիքները կլինիկական մանրէաբանության և համաճարակաբանության բոլոր բնագավառներում: Լոնդոնի Արևելյան համալսարանի ավագ դասախոս Հերմինե Մկրտչյանը ներկայացնելով առաջին զեկույցն՝ ընդգծեց, որ հակամանրէային կայունությունը համաշխարհային խնդիր է և շատ երկրներում՝ օրակարգային հարց: «Սա հինալի առիթ է խոսել, քննարկել, լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնք առկա են նաև Հայաստանում»,- ասաց Լոնդոնի Արևելյան համալսարանի ավագ դասախոսը: Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնը հիմնադրել է 1935 թվականի: Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են եղել՝ համաճարակաբանության հրատապ հարցերը և հանրապետության տարածաշրջանային ախտաբանության խնդիրների պարզաբանումը:

Նմանատիպ նյութեր